«Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր Կոնստանտին Ռիկովն այսօր Մոսկվայի Բոլոտնայա հրապարակում կայանալիք ընդդիմության հանրահավաքից մի քանի ժամ առաջ իր Twitter-ի միկրոբլոգում գրել է, որ «ցանկանում է մեռնել Ռուսաստանի համար» `իր հետ ևս 30 մարդ տանելով: Պատգամավորը հռետորական հարց է ուղղում. «Հետաքրքիր է, ինչ կանեն լիբերալները, երբ մենք զենքով դուրս գանք փողոց», հայտնում է gzt.ru-ն:
Այս հայտարարությանը դեռևս չեն արձագանքել ոչ կուսակցության ղեկավարները, ոչ իրավապահ մարմինները:
Թեև Ռիկովը ավելի ուշ գրել է, որ այդ ամենը ընդամենը կատակ էր, և պարբերականները սխալ են ըմբռնել հայտարարության իմաստը, այդուհանդերձ նշենք, որ Ռիկովի միկրոբլոգում բազմաթիվ ազգայնական բովանդակությամբ հաղորդագրություններ կան: Պատգամավորը շարունակ պնդում է, որ եթե այսօր արյուն թափվի, իրենք մեղավորներին վերացնելու են:
Նշենք, որ Կոնստանտին Ռիսկովն օրերս ևս մեկ սկանդալային թվիթ էր գրել, որը մեծ աղմուկ բարձրացրեց համացանցի օգտատերերի շրջանում: Դեկտեմբերի 7-ի գիշերը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի Twitter միկրոբլոգում հայտնվել էր Կոնստանտին Ռիկովի ոչ ցենզուրային հաղորդագրության արտատպված տարբերակը: Հրապարակումը հեռացվել էր էջից մի քանի րոպե անց, սակայն այն հասցրել էին ֆիքսել և արտատպել հազարավոր բլոգերներ:
Ռիկովի թվիթը հետևյալ բովանդակությունն ուներ. «Այսօր ակնհայտ դարձավ, որ եթե մարդ իր բլոգում գրում է «Սրիկաների և գողերի» կուսակցություն» (ընդդիմությունը «Եդինայա Ռոսիային» այսպես է որակում-Epress.am) արտահայտությունը, նա անուղեղ, ք…ծ ոչխարի մեկն է»,- ասված էր գրության մեջ:
Դրանից հետո Կոնստանտին Ռիկովը գրել էր, որ իրեն վայրկյանում 20 թվիթ է գալիս: