«Էխո Մոսկվի» ռադիոկայանի բլոգում ռուսաստանցի տնտեսագետ Սերգեյ Ալեքսաշենկոն մուլտֆիլմ է տեղադրել, որը կոչ է անում բոլորին դուրս գալ փողոց և ՌԴ Պետդումայի վերընտրություններ պահանջել, քանի որ, ինչպես ասում է մուլտֆիլմի հերոսը, «մենք անասուն չենք»:
«Եղբայրներ և քույրեր, մենք բոլորս ընտրություններին մասնակցել չսիրողներ ենք, մենք բոլորս հանրահավաքների մասնակցել չսիրողներ ենք, մենք չենք սիրում քաղաքական գործիչներին, որովհետև նրանք բոլորը ստում են: Բայց այսօր` դեկտեմբերի 10-ին, մենք պարզապես պարտավոր ենք դուրս գալ հրապարակ և ասել` «մենք անասուն չենք, անասունը մենք չենք»: Ինչու եմ ուզում գնալ այդ հանրահավաքի՞ն` զզվացրել էք, գրողը տանի, պարզապես զզվացրել եք: Վերընտրություն, և միայն վերընտրություն: Եվ, որպեսզի նրանք կրկին անցկացնեն կուսակցությունների ազնիվ գրանցումը: Որովհետև, եթե նորմալ ցուցակ լիներ, ես ինքս կգնայի ընտրությունների և արդյունքներն էլ բոլորովին այլ կլինեին:
Եղբայրներ և քույրեր, մեզ պետք չէ հեղափոխություն: Դրանից արյան ծով կլինի միայն: Իսկ մենք անգամ չենք կարող պայմանավորվել, թե մեզ ինչ է պետք: Հեղափոխությունը ամեն ինչի դեմ, ապուշություն է: Եկեք խաղաղ հանրահավաք անցկացնենք: Պետք չեն պայթուցիկներ, տեխնիկա ու ռոմանտիկա: Պետք չէ սադրել ՕՄՕՆ-ցիներին և «մենթերին»: Դրանով մենք միայն կուրախացնենք նրանց: Դուրս արի փողոց և ազնիվ վերընտրություններ պահանջի: Հստակ, միանշանակ. վերընտրություններ ենք պահանջում, վերընտրություններ»,- ասվում է մուլտֆիլմի տեքստում: