Չնայած Հայաստանում 2011 թվականին մի շարք քաղբանտարկյալներ համաներմամբ ազատվեցին, այժմ էլ մեր երկրում քաղբանտարկյալներ կան: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է իրավապաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը:
«Քաղբանտարկյալը դա լայն գաղափար է, մի հովանոց, որի տակ հավաքված են մի շարք հասկացություններ, օրինակ, խղճի գերիներ կամ տնտեսական գծով հալածվածներ: Այժմ Հայաստանում քաղբանտարկյալներ կան` մոտ 70 հոգի Եհովայի վկաները, որոնք հրաժարվում են ծառայել հայաստանյան բանակում և դրա համար դատապարտվել են, ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, ինչպես նաև, օրինակ, հոկտեմբերի 27-ի գործով պատիժ կրող ահաբեկիչները, որովհետև ահաբեկչական խմբերն էլ են քաղաքական բանտարկյալ: Դրա դասական օրինակներից են` Աբդուլլա Օջալանը (Թուրքիայում արգելված Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ – խմբ.) կամ Նելսոն Մանդելան (Աֆրիկյան Ազգային Կոնգրեսի առաջնորդ, Հարավ-Աֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ, ով 27 տարի (1962-ից 1989 թվականները) բանտում է անցկացրել – խմբ.)», – ասել է Դանիելյանը:
Զրույցի ընթացքում նա բացատրել, թե ինչու կարելի է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում պաշտոնյաների գնդակահարած մարդկանց անվանել քաղբանտարկյալ:
«Քաղբանտարկյալները նրանք են, որոնք քաղաքական դրդապատճառներով գործողություն են իրականացրել, և նրանց գործով դատական նիստերն անցել են խախտումներով, գործով անցնողները խոշտանգվել են նախաքննության ընթացքում և նրանց նկատմամբ անօրինական գործողություններ են իրականացվել: Իսկ հոկտեմբերի 27-ի գործում այդ ամենն առկա է. եղել են բացթողումներ, մենք մինչև այժմ չգիտենք, թե ով է կանգնած այդ խմբի հետևում: Դատը եղել է ծածկադմփոց: Բացի դա, դատական գործի ընթացքում և հետո անհասկանալիորեն մահացան մարդիկ, թե’ ահաբեկչական խմբի մասնակիցներից, թե’ վկաներից: Դա շատ մութ էջ է Հայաստանի Հանրապետության պատմության մեջ, և միանշանակ նրանց կարելի է անվանել քաղբանտարկյալներ մինչև իրական պատկերը չպարզվի: Հասկանում եմ` մարդկանց դժվար է որպես քաղբանտարկյալ ընկակել այդ ահաբեկիչներին, բայց այսօրվա դրությամբ դա այդպես է: Այնպայման չէ, որ քաղբանտարկյալը լինի սուրբ, օրինակ, ինչպես ԽՍՀՄ ժամանակ Սերգեյ Կովալյովը, Վալերիա Նովոդվորսկայան կամ Ալեքսանդր Պոդրաբինեկը: Եթե մենք չենք ընդունում հոկտեմբերի 27-ի գործով դատապարտվածներին որպես քաղբանտարկյալ, ապա մենք պետք է ընդունենք Վազգեն Մանուկյանի որակումը, որ նրանք ռոմանտիկ են: Երկուսից մեկը, ինքներդ որոշեք», – ասել է Միքայել Դանիելյանը: