Epress.am-ը հաղթող ճանաչվեց «Ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների» լրատվամիջոցների ֆուտզալի 5-րդ հոբելյանական մրցաշարում:
Ֆուտբոլի համաշխարհային օրը՝ դեկտեմբերի 10-ին կայացած մրցաշարի եզրափակիչ խաղում Epress.am-ը հանդիպեց «Չորրորդ իշխանություն» թիմին: Ի տարբերություն նախորդ տարվա մրցաշարի, երբ Epress.am-ը 6:1 խոշոր հաշվով վստահ հաղթանակ տարավ «Մեդիամաքսի» նկատմամբ, այս տարվա եզրափակիչն անցավ լարված պայքարում:
«Չորրորդ իշխանությունը» հանդիպման սկզբից հնարավորություն էր տվել մրցակցին խաղալ առաջին համարով: Չնայած «Չորրորդը» գրեթե ողջ հանդիպման ընթացքում պաշտպանվում էր, թիմը կարողանում էր վտանագավոր հակագրոհներ կազմակերպել: Դրանցից մեկում Epress.am-ին փրկեց դարպասաձողը: Երկրորդ խաղակեսում Epress.am-ն ավելացրեց ճնշումը, սակայն մրցակցի պաշտպանությունն ու դարպասապահը վստահ էին գործում: Հանդիպման ելքը վճռվեց նախավերջին րոպեին, երբ «Չորրորդ իշխանության» ֆուտբոլիստները սխալվեցին պաշտպանությունում, իսկ Դավիթ Նազարյանի փոխանցումից հետո մրցակցի դարպասը մոտ տարածությունից գրավեց Արամ Արոյանը: Մրցաշարի պատմության ընթացքում ամենալարված եզրափակիչներից մեկում հաշիվը չփոխվեց՝ 1:0, և Epress.am-ը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց մրցաշարի հաղթողի կոչումը:
Երրորդ տեղի համար պայքարում «Երկիր մեդիան» 3:2 հաշվով պարտության մատնեց «Մեդիամաքսին»:
Նշենք, որ մրցաշարը կազմակերպել էին «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները` ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ: Մրցաշարին աջակցում էին նաև «Կոկա-Կոլա» Արմենիա ընկերությունը և Orange Fitness ակումբը:
Նախաձեռնության նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների գաղափարը քարոզելն է: