Home / Հայաստան / «Տոնական Երևան». Տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց օբյեկտների հարակից տարածքները

«Տոնական Երևան». Տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց օբյեկտների հարակից տարածքները

Հատկապես տեղումների ժամանակ, տնտեսվարողները պարտավոր են իրականացնել իրենց օբյեկտների հարակից տարածքների մաքրման աշխատանքները: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում ասել է քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը:

«Տնտեսվարողների կողմից հարակից տարածքների պարտադիր բարեկարգման մասին պայմանների կատարումը Երևանի ավագանու որոշումն է: Ուստի հետևողական աշխատանք պետք է տարվի պարտավորությունների կատարման մասով», – հայտարարել է Արեյանը:

Խորհրդակցության ընթացքում, անդրադառնալով մայրաքաղաքում  տոնական զարդարման աշխատանքների ընթացքին, վարչական շրջանների ղեկավարներին ու առևտրի և սպասարկումների վարչությանը  հանձնարարվել է հնարավորին կարճ ժամկետում ավարտել նշված աշխատանքները, ինչպես նաև ապահովել մայրաքաղաքի տոնական  լուսավորությունը:

Հանձնարարվել է նաև մայրաքաղաքի բոլոր կամուրջների, այգիների, պուրակների և մերձակա հատվածներում, փողոցներում ու բակային տարածքներում կատարվել լայնածավալ մաքրման աշխատանքեր:

«Երևանն  իր տոնական զարդարանքին համապատասխան  մաքուր տեսք պետք է ունենա»,- նշել է Կամո Արեյանը: