Մարդու իրավունքների հարցում Ադրբեջանում առաջընթաց չկա, «Объектив ТВ»-ի հետ զրույցում հայտարարել է «Нuman rights watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպական և Կենտրոնական Ասիայի բաժնի գործադիր տնօրենի տեղակալ Ռեյչել Դենբերը:
Նրա խոսքով`կարող էր շատ ավելի վատ լիներ, բայց պետք է ուրախանալ գոնե այն փաստից, որ համաներմամբ ազատ է արձակվել լրագրող Էյնուլլա Ֆաթուլաևը, կրճատվել են խոսքի ազատության սահմանափակման դեպքերը:
«Այդուհանդերձ, շարունակում են բանտում մնալ ընդդիմադիր ակտիվիստներ Ջաբար Սավալանլին և Բախթիյար Հաջիևը:
Ադրբեջանի քաղաքական և դատական իշխանությունները, իրավապահ մարմինները չեն կարողանա թյուրիմացության մեջ գցել միջազգային հանրությանը, քանի որ բոլորը գիտեն, որ այդ երիտասարդներն իրենց քաղաքական հայացքների համար են անազատության մեջ: Բանտերում տասնյակ մարդիկ կան, որոնք պատժվել են խոսքի ազատ արտահայտման իրենց իրավունքն օգտագործելու օրինական փորձի համար», նշել է Դենբերը:
Նրա պնդմամբ, իհարկե, Թուրքմենստանի համեմատությամբ, Ադրբեջանում տիրող իրավիճակը վատը չէ: Սակայն գլխավոր ցուցանիշն ու չափանիշը` իշխանությունների քաղաքական կամքն ու հետևողականությունը խոսում են մեծ խնդիրների մասին:
«Օրինակ, քաղբանտարկյալների հարցերով Եվրոպայի խորհրդի զեկուցող Քրիստոֆեր Շտրասերը չի կարողանում իր լիազորությունները ստանձնել և զեկույց պատրաստել Ադրբեջանի վերաբերյալ: Եթե այստեղ ամեն ինչ լավ է, և թաքցնելու ոչինչ չկա, ապա ի՞նչ իմաստ ունի արգելել նրան ժամանել երկիր», – ասում է Դենբերը:
Հատկապես ծանր է սեփականության իրավունքի պաշտպանության վիճակը: Իրավապահները նշում են, որ այս տարի մոտ 60,000 բնակելի շենքեր են ոչնչացվել, հաջորդ տարի ակնկալվում է միևնույն քանակությամբ իրավունքների խախտման դեպքեր:
«Ցավոք սրտի, Ադրբեջանը ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության պատրանք է ստեղծում: Միջազգային հանրությունը իսկական փոփոխություններ է ակնկալում», – Ռեյչել Դենբերի խոսքերն է փոխանցում contact.az-ը: