Այսօր, ժամը 13.30-ի սահմաններում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ է այցելել մի կին, որն առաջին անգամ էր դիմում գրասենյակ, ներկայացրել է գրավոր դիմում, որից հետո խմել է պերեօքսիդի լուծույթ և ուշագնաց է եղել։ Գրասենյակի աշխատակիցները անմիջապես հրավիրել են շտապ օգնություն, կնոջը ցուցաբերվել է բուժօգնություն, այնուհետև նա տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Դիմում-բողոքի մեջ դիմումատուն նշել է մի քանի խնդիրներ, որոնք հիմնականում վերաբերում են սոցիալական տարածքային ծառայության կողմից նպաստի վճարման դադարեցմանը, իրենց տանը կատարված գողությանը և դրա առնչությամբ իրականացված քննությանը։
Այժմ կինը գտնվում է Հանրապետական հիվանդանոցի տոքսիկոլոգիայի բաժանմունքում։ Գրասենյակի աշխատակիցները այցելել են և պարզել են, որ նրա վիճակը կայուն է։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնում է, որ կշարունակի ներկայացված բողոքի քննությունը և հետևողական կլինի դրա ընթացքին։