ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը Հայաստանի 2011 թվականի ներքին քաղաքական կյանքը բնութագրել է որպես ակտիվ է, բայց միևնույն ժամանակ կայուն: Այս մասին նա խոսել է այսօր կայացած քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ քաղաքական տարվա ամփոփում-քննարկման ժամանակ:
«Այս տարին քաղաքական ուժերի կողմից դիտվեց որպես նախապատրաստական և իրենց ուժերը չափելու ժամանակաշրջան: Ես ներքին քաղաքական կյանքում կարևորում եմ ընդդիմության և իշխանությունների երկխոսությունը որպես քաղաքական կյանքի նոր դրսևորում: Սա ողջունելի է, բայց մեզ համար անհասկանալի էր դրա խզման, ավարտին չհասցնելու պատճառները»,- ասել է ՀՀԿ-ական պատգամավորը:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանը նույնպես ընդգծել է երկխոսության կարևորությունը` հավելելով, սակայն, որ դրանից իր կուսակցությունն ավելի շատ ակնկալիքներ ուներ:
Առաքելյանն անդրադարձ է կատարել քաղաքական թատերաբեմում հայտնվող նոր քաղաքական կուսակցությունների մասին` նշելով, որ շատերը ստեղծվում են ընտրություններին ընդառաջ և ուզում են այս արևի տակ իրենց տեղը ունենալ:
Պատգամավորի խոսքով` շատերի մասին հասարակությունը չի լսել, և միայն ընտրությունների ժամանակ է տեսնում դրանց:
Թեև Ռուզան Առաքելյանը ոչ մի կուսակցության անուն չի նշել, քննարկմանը ներկա 2011 թվականին ստեղծված «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը դիտարկումը համարեց իր կուսակցության հասցեին ուղղված և պատասխանեց, որ քաղաքական ուժերը հայտնվում են այն ժամանակ, երբ նրանք պետք է հայտնվեն:
«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանը կարծիք հայտնեց, որ 2011 թվականը կորցրած հնարավորությունների տարի էր` թե ընդդիմության, թե իշխանության համար:
Խուրշուդյանն ընդգծել է, որ իրենց համար տարօրինակ էր իրենց ընդդիմադիր գործընկեր Հայ Ազգային Կոնգրեսի և իշխանության միջև ընթացող երկխոսությունը, ապա դրա դադարեցումը:
Խուրշուդյանի խոսքով` «Ժառանգության» համար անհասկանալի էր նաև իրենց խորհրդարանական գործընկեր ՀՅԴ-ի պահվածքը ԱԺ նախագահի ընտրության ժամանակ, երբ Դաշնակցությունը քվեարկեց ոչ թե Լարիսա Ալավերդյանի, այլ ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանի օգտին, իսկ դրանից երկու օր անց պահանջեց կառավարության հրաժարականը:
Խուրշուդյանը կարծիք է հայտնել, որ անցնող տարվա ընթացքում, բացի քաղբանտարկյալների ազատումից, ոչ մի այլ առաջընթաց չի եղել:
Ի պատասխան Խուրշուդյանի հայտարարությունների, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը նշել է, որ «Ժառանգության» համար, ոչ միայն այս, այլև նախորդ չորս տարիները ևս կորցրած հնարավորությունների տարիներ են եղել: