Հանրապետականն ինչպես երիտասարդացնում է խորհրդարանական իր խմբակցությունը, այնպես էլ ցանկանում է մեկ-երկու երիտասարդ կադրեր բերել Գործադիր մարմին, գրում է «Երկիրը»: Թերթի տեղեկություններով՝ այդ կազմում է լինելու նաև կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
Երիտասարդները մի կողմ, բայց Հովիկ Աբրահամյանի Գործադիր մարմնից դուրս գալը քիչ հավանական է։ Ընտրությունների նախաշեմին Աբրահամյանի ներուժն առավել քան անհրաժեշտ է կուսակցությանը՝ որքան էլ նրան չսիրեն և չընդունեն, նշում է «Երկիրը»:
Փոփոխությունից հետո Գործադիր մարմնում այլևս չի լինի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը, վերջինս, ըստ թերթի աղբյուրների, ԳՄ նիստերին գրեթե չի մասնակցում։
Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ևս կարող է դուրս գալ ԳՄ կազմից, բայց ավելի լավ տեղ գնալու առաջարկով: Ըստ թերթի տեղեկությունների՝ նա իր հանգրվանը կգտնի կառավարությունում: