Երկար ժամանակ մամուլում շրջող լուրերն այն մասին, թե Վերահսկիչ պալատը ստուգումներ է իրականացնում Աբովյանի քաղաքապետարանում, երեկ ի վերջո հաստատվեցին։ Քաղաքապետն այստեղ Կարո Գուլոյանն է՝ Գագիկ Ծառուկյանի փեսան։
Ինչպես գրում է «Հայկական ժամանակ» թերթը, Աբովյանում և ընդհանրապես Կոտայքի մարզում ՎՊ-ի ստուգումները պլանավորվել էին ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների սրացման ամենաթեժ պահին։ Այս ընթացքում ՎՊ-ն և ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը պաշտոնապես հերքում էին, որ Աբովյանի քաղաքապետարանում ստուգումներ են ընթանում։ Երեկ պալատի մամուլի ծառայությունից թերթին պաշտոնապես հայտնեցին, որ ՎՊ նախագահի նոյեմբերի 7-ի որոշմամբ՝ նոյեմբերի 14-ից դեկտեմբերի 15-ը Աբովյանի, Հրազդանի և Եղվարդի քաղաքապետարաններում ստուգումներ են իրականացվելու։
«Աբովյանում այս պահին ստուգումներն ընթացքի մեջ են»,- «ՀԺ»-ին հայտնել են Վերահսկիչ պալատից: