2011 թվականին քաղաքական ակտիվությամբ աչքի է ընկել Հայ Ազգային Կոնգրեսը` թե հանրահավաքների թվով, թե կատարած հարցադրումներով: Այսօր Մամուլի ազգային ակումբում կազմակերպված քննարկման ժամանակ, քաղաքական տարին ամփոփելով, այս մասին ասել է ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը:
«Հանրահավաքներում բարձրացված հարցերը և Հայ Ազգային Կոնգրեսի ռազմավարությունը հիմնականում կապված էր արտահերթ ընտրությունների անցկացման պահանջի հետ: Ֆիքսենք, որ արտահերթ ընտրությունների ռազմավարությունը հաջողությամբ չավարտվեց, որովհետև Հայաստանում այսպես, թե այնպես այդ արտահերթ ընտրությունները տեղի չունեցան, բայց ամեն դեպքում քննարկումների լուրջ ալիք բարձրացավ դրա շուրջ, և արտահերթ ընտրությունների հարցը կազմեց քաղաքական գործընթացների մեխերից մեկը», – նշել է Քեռյանը:
Ամռանը կայացած ընդդիմության և իշխող կոալիցիայի երկխոսությունը Քեռյանը համարել է «մեծ ձեռքբերում», որի դադարեցումը, սակայն, քաղաքագետի խոսքով, հասարակության համար անորոշ մնաց:
«ՀԱԿ-ը հանդես եկավ ընդարձակ փաստաթղթով, որտեղ հարցականի տակ դրեց և փորձեց հիմնավորել իշխանությունների լեգիտիմության խնդիրը, բայց համարժեք պատասխան մենք իշխանությունների կողմից այդպես էլ չտեսանք»,- ասել է Քեռյանը:
Քաղաքագետը անցնող տարվա լուրջ իրադարձություններից է համարել նաև Ընտրական օրենսգրքի բարեփոխումը, որտեղ, սակայն, նրա խոսքով մի բան բաց է մնացել` հասարակությունն այդպես էլ չընկալեց մինչև վերջ, թե այդ ԸՕ-ի բարեփոխումը ինչ ձևերով պետք է ավելի կատարելագործի ընտրությունները:
2011 թվականին ՀՀ քաղաքական դաշտի կարևոր հատկանիշներից մեկը, ըստ Քեռյանի, քաղաքական ծրագրերի և հայեցակարգերի աղքատիկությունն էր:
«Նկատվեց, որ նախընտրական տարում չկար ծրագրային պայքար», – ասել է բանախոսը: