Երեկ՝ ժամը 13.30-ի սահմաններում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում ինքնասպանության փորձ կատարած գյումրեցի 64-ամյա Անահիտ Վարդանյանի վիճակն այսօր կայուն է, կյանքին այս պահին վտանգ չի սպառնում: Վարդանյանը պերեօքսիդի լուծույթ էր խմել և թունավորվել, սակայն թունավորումն արդեն իրենից վտանգ չի ներկայացնում, դադարել են արյունային փսխումները: Այս մասին Epress.am-ին տեղեկացրել «Արմենիա» Հանրապետական բժշկական կենտրոնի (Հանրապետական հիվանդանոց) տոքսիկոլոգիայի բաժանմունքի բժիշկ Աշխեն Ղազարյանը:
«Բերանի խոռոչում քիմիական այրվածքով մեր բաժանմունք տեղափոխված կինն այդ քայլին է դիմել սոցիալական մի շարք խնդիրնեիրից ելնելով: Անահիտ Վարդանյանի խոսքով՝ իր ապրելն անիմաստ է, և ինքը չի զղջում կատարած արարքի համար: Հողագույն, գունատ մաշկով ինքնասպանության դիմած կինը ողնաշարի գոտկային մասում քաղցկեղ ունի: Նա գտնում է, որ բազաթիվ խնդիրները հաղթահարելու համար ինքն այլևս ուժ չունի», – պատմել է Աշխեն Ղազարյանը:
Բժշկուհու հավաստմամբ՝ Անահիտ Վարդանյանի մոտ հոգեկան շեղումներ չեն նկատվել և կինը գիտակցաբար է դիմել այդ քայլին:
«Դեզինտոքսիկացիոն բուժումը կտևի 7-10 օր», – ասել է Ղազարյանը:
Երեկ դեպքի առնչությամբ օմբուդսմենի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ կինը այդ քայլին դիմել ծանր սոցիալական պայմաններից ելնելով, մասնավորապես, դադարեցրել են նրա նպաստը: