2011 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում գրանցվել է 106 ճանապարհատրանսպորտային պատահար (ՃՏՊ), որոնց հետևանքով զոհվել է 14 մարդ: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում ՃՏՊ-ների թիվը եղել է 110, իսկ զոհերինը` 22:
Այս մասին Epress.am-ին տեղեկացրել է Ճանապահային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանը:
2011 թվականի դեկտեմբերի առաջին 13 օրերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՃՏՊ-ների զոհերի թիվը երկուսով ավելացել է: Ավելի մանրամասն վիճակագրություն Արշակյանը խոստացել է տրամադրել ամսվա վերջին:
Նա ընդգծել է, որ այս պահի դրությամբ հանրապետությում փակ ճանապարհներ չկան:
«Մեր կողմից ուժեղացված ծառայություն է իրականացվում թե’ մարզային քաղաքների, թե’ միջպետական ճանապարհներին: Ծանր է վիճակը միայն Ճամբարակ-Բերդ սահմանամերձ ճանապարհին», – ասել է նա:
Արշակյանը նշել է, որ հատկապես դժվարանում է վիճակը ձնաբքերի ժամանակ, երբ վարորդները, գիտակցելով իրավիճակը, այնուամենայնիվ, փորձում են խցկվելով հաղթահարել ձնաբքի արդյունքում փակված ճանապարհահատվածը:
«Մեքենաները խցանվում են, պտտվում, փոխում ուղղությունները, հարվածում մեկը մյուսին, արհեստականորեն բարդություններ են ստեղծում՝ դժվարացնելով մաքրման աշխատանքները: Նման դեպքերը ակնհայտ են Սյունիքի մարզի Սարավանում ու Բազարչայում», – պատմել է նա:
Արշակյանը տեղեկացրել է, որ նման դեպքերից խուսափելու համար ինքը նոր սկզբունք է որդեգրել:
«Ձնաբքերի ժամանակ անմիջապես հրահանգում եմ փակել ճանապարհները ու թույլ չտալ մեքենաներին անցնել այնքան ժամանակ, քանի դեռ ճանապարհների մաքրման աշխատանքները չեն կատարվել և ավարտելուց հետո նոր միայն թույլ տալիս մեքենաներին երթևեկել: Անգամ պատվիրել եմ բարձրադիր գոտիներից չիջեցնել ճանապարհների մաքրման աշխատանքներ իրականացնող տեխնիկան, որպեսզի անհրաժեշտության դեպքում այն անմիջապես գործի դրվի», – ասել է նա: