«Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահ, «Ջի Էյջ Ստորիջ Էնթերփրայզ» ընկերության ղեկավար, գործարար Նարեկ Հարթունյանի հետ կատարված անարդարությունը որոշակի մարդկանց ագահության ու անկշտության հետևանք է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ինքը` Հարթունյանը:
Հիշեցնենք, որ Հարթունյանը նախորդ շաբաթ ձերբակալվել էր հարկերից խուսափելու մեղադրանքով, այնուհետև ազատ արձակվել: Հարթունյանին որպես տուգանք պարտավորեցրել են 110 միլիոն դրամ վճարել: Հարթունյանի ընկերությունը Հայաստան է ներկրում «Ցար» ապրանքանիշի սնունդը:
«Երբևէ Հայաստանում շահույթ չենք տեսել, եղել են միայն ներդրումներ ու այդ ամենն արվել է հայրենասիրական հիմքի վրա: Վստահել ենք մարդկանց, որոնք այսօր ոչ միայն չկան մեր կողքին, այլև կեղծ ցուցմունքներ ու անհիմն ակտեր են գրել մեր դեմ: Շուրջ մեկ տարի է, ինչ անընդմեջ քաշքշուկների մեջ ենք ես, «Ջի Էյջ Ստորիջ Էնթերփրայզ» կազմակերպչական գծով փոխտնօրեն Անի Մնացականյանն ու գլխավոր հաշվապահ Արթուր Գալստյանը: Վերջին հինգ օրերին քննիչներն այնպիսի բարբարոսական, անմարդկային գործողություններ արեցին մեր նկատմամբ, որ պարզապես անընդունելի էր», – նշել է նա:
Հարթունյանի խոսքով՝ միլիոնավոր դոլարներ հայրենիքում ներդրողը չէր կարող խուսափել հարկեր վճարելուց:
«Հարյուր տասը միլիոն դրամի տուգանքը աբսուրդ էր: Սկսած քննիչներից մինչ դատավորները եթե ազնիվ դատեն, եթե հաստատեն, որ մենք հարկային պարտքեր ունենք, մենք չենք խուսափի պատասխանատվությունից», – ասել է նա:
Հարթունյանին վիրավորել է այն փաստը, որ իրեն բերման են ենթարկել հոր քառասունքի օրը:
«Արդյոք անարդար չէ, որ ինձ տանում են քննչական բաժանմունք, որտեղ անցկացնում եմ ամբողջ օրը, այնուհետ քարշ են տալիս դատարան , անհիմն ու անարդար վճիռ կայացնում ու Անիին, Արթուրին և ինձ բանտ են նստեցնում: Այս ամենն արդեն վերևից կարգադրված էր: Բարձր պաշտոններում նստածներն էլ պետք է գիտակցեն, որ պետք չէ չարաշահել պաշտոնները ու ստերով ապրել, քանզի բոլորս գիտենք, որ ստի օրերը հաշված են: Սա բոլորիս խնդիրն է, մենք պետք է միավորված պայքարենք ցանկացած անարդարության դեմ», – նշել է Հարթունյանը:
Գործարարը վստահ է, որ բոլոր ճնշումների ու զրպարտանքների հիմքում մեկ նպատակ կա՝ խլել իր ողջ կարողությունն ու տիրանալ իր ունեցվածքին: Թե կոնկրետ ով է ցանկանում դա անել` Հարթունյանը չի մանրամասնել:
Գործի մասին խոսել է նաև Նարեկ Հարթունյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը: Նա նշել է, որ ընկերության գործերի հետ կապված մի շարք անարդարություններ կատարվել էին ընկերության նախկին տնօրեն Սևակ Արզարունու կողմից:
Փաստաբանի խոսքով` այդ անարդարությունները բացահայտվել են 2010 թվականի օգոստոսին, և սկսած այդ պահից Հարթունյանը արդարացի պահանջներ է ներկայացրել ընկերության նախկին ղեկավարին՝ բացահայտել ամեն չարաշահում նաև պետական մարմինների առաջ:
«Սևակ Արզարունին, ըստ էության, մենակ չի յուրացրել այդ հսկայական գումարները, նա ունեցել է հովանավորներ՝ ստվերային ինչ-որ իշխանավորներ, որոնց հետ համատեղ յուրացրել է միլինավոր դոլարներ: Բնականաբար, այդ նույն հովանավորներն էլ պետք է նրան պաշտպանեին, որպեսզի Հարթունյանների ներկայացրած արդար պահանջը չունենար իր տրամաբանական ավարտը», – նշել է փաստաբանը: