Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգում անորակ ալկոհոլի թունավորման հետևանքով մահացածների թիվը հասել է 167-ի: Այսօր Կալկաթայի երեք հիվանդանոցներում ևս 19 մարդ է մահացել: Մահացածների մեջ կան նաև երեխաներ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալությունը:
Կեղծված ալկոհոլից թունավորված մարդկանցից մի քանիսի վիճակը դեռևս ծանր է գնահատվում: Որոշ տվյալներով` հիվանդանոց է տեղափոխվել մոտ 350 մարդ:
Հնդկական ԶԼՄ-ները նշում են, որ հինգշաբթի գիշերը տեղի ունեցած այս ողբերգական միջադեպը ալկոհոլից մահացածների թվով ամենախոշորն է ոչ միայն Հնդկաստանում, այլև ողջ աշխարհում:
Տեղի ունեցածի մեջ կասկածվող 10 մարդ է ձերբակալվել, որոնք կարող էին զբաղվել կեղծված ալկոհոլի արտադրությամբ և վաճառքով: Սակայն դեռևս ազատության մեջ է գտնվում ամենագլխավոր կասկածյալը` ոմն Բպադշա Կխոեկանը: