Քանի դեռ Ֆրանսիայի խորհրդարանում մոտենում է 1915 թվականի Հայոց Ցեղասպանության հերքումը քրեականացնելու մասին օրինագծի քննարկման օրը, Անկարան դիվանագիտական նախաձեռնություններով համախմբում է ջանքերը խոչընդոտելու համար օրենքի ընդունումը, գրում է Today’s Zaman պարբերականը:
Անկարան նմանօրինակ օրենքի ընդունումն ազատ խոսքի արտահայտման սահմանափակում է որակում և բանաձևի հաստատման դեպքում պատրաստվում է հետ կանչել Փարիզում Թուրքիայի դեսպանին:
«Ֆրանսիայում Ցեղասպանության վերաբերյալ հայերի պնդումները հերքելու վրա արգելք դնելը մութ դարերի մտածողության արտահայտում է»,- «Անադոլու» գործակալության հետ զրույցում ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:
Նրա խոսքով` նման հեռանկարը մեծ վտանգ է ներկայացնում Եվրոպայի համար, բացի դա օրենքի ընդունումը սահմանափակում է ազատ խոսքի արտահայտման իրավունքը` իրեն «լուսավորչության կենտրոն» համարող Ֆրանսիային դարձնելով հնացած մտածողությամբ երկիր, որը սահմանափակում է այլընտրանքային գաղափարները:
Դավութօղլուն վստահ է, որ նման օրենքի ընդունումը հակասում է Ֆրանսիայի հիմնարար սկզբունքներին և կդիտարկվի որպես պատմությունը լռեցնելու փորձ, որը սահմանափակում է ազատ քննարկումների դաշտը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանը 2001 թվականին ճանաչել էր Հայոց Ցեղասպանության փաստը, որից հետո ֆրանս-թուրքական հարաբերությունները սրվել են: 2006 թվականին Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատն ընդունել է նաև Հայոց Ցեղասպանության փաստին առնչվող ևս մեկ օրինագիծ, համաձայն որի, յուրաքանչյուր ոք, ով կժխտի Ցեղասպանության փաստը, քրեական հետապնդման կենթարկվի: Վերին պալատը, սակայն, չէր հաստատել տվյալ օրինագիծը: Նույն օրինագիծը կրկին անգամ քվեարկության է դրվել, և խորհրդարանն իր որոշումը կկայացնի մինչև տարվա վերջ: