Այսօր ժամը 15:00-ին ՀՀ կառավարության շենքի առջև բողոքի ակցիա տեղի կունենա ի պաշտպանություն քաջարանցիների, որոնցից իշխանությունները պատրաստվում են խլել իրենց հողերը: Ակցիայի կազմակերպիչ հանդիսացող «ԹՌՉԿԱՆ» քաղաքացիական նախաձեռնությունն իրադարձություն է ստեղծել Facebook սոցիալական ցանցում և կոչ է անում «բոլոր այն մարդկանց, ում համար դեռևս հարազատ է հայրենիք հասկացությունը, ովքեր դեմ են ներկայիս բնաքանդ քաղաքականությանը և ովքեր չեն ցանկանում մեր գյուղերի փոխարեն տեսնել միայն պոչամբարներ ու լցակույտեր» մասնակցել ակցիային:
«Մենք քաջարանցիների կողքին ենք: Միանալով մեր հայրենակիցներին` ՀՀ կառավարությունից պահանջում ենք անհապաղ ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2011թ.ապրիլի 28-ի «Սյունիքի մարզի մի քանի համայնքների (այդ թվում՝ Քաջարան) վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու վերաբերյալ» 627-Ն որոշումը, որով փոխել է այդ հողերի նպատակային նշանակությունը և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով այդ տարածքները վարձակալության իրավունքով տրամադրել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին»,-ասված է իրադարձության էջում տեղադրված հայտարարության մեջ:
Նշենք նաև, որ կառավարության այս որոշման պատճառով պաշտոնից հրաժարվել և ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել Սյունիքի մարզի Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը: Ի դեպ, «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի փոխանցմամբ, չնայած հրաժարականի, գյուղապետը միաժամանակ հայտարարել է. «Սերժ Սարգսյանն իմ նախագահն է, ես վաղն էլ կքվեարկեմ նրա օգտին»: