Երեկ Ստամբուլի դատարանը ևս մեկ վճիռ է կայացրել 2007 թվականի հունվարի 19-ին հայազգի լրագրող, հայերեն և թուրքերեն լեզուներով լույս տեսնող «Ագօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամաստի գործով, հաղորդում է Today’s Zaman-ը:
Հիշեցնենք, որ այս տարի Սամաստին Դինքի սպանության համար դատապարտել էին 21,5 տարվա ազատազրկման:
Նա նաև մեղադրվում էր ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունենալու մեջ: Դատավոր Չելալ Ունալը, սակայն, վճռել է, որ Սամաստը չի հանդիսացել որևէ ահաբեկչական կազմակերպության անդամ և չի համագործակցել ահաբեկիչների հետ, և նրա վրայից հանել է այդ մեղադրանքը:
Նշենք, որ համաձայն նախաքննության վարկածներից մեկի, Սամաստին վարձած Յասին Հայալն ու Էրհան Թունչելը, ովքեր նույնպես անցնում են սպանության գործով, հանդիսանում են «Էրգենեկոն» հանցավոր խմբավորման անդամներ: «Էրգենեկոնի» անդամները ցանկանում էին հեղաշրջում իրականացնել Թուրքիայում: Նախաքննության ընթացքում նաև ստուգվում էր Սամաստի կապը «Էրգենեկոնի»հետ: