Երեկ 2008 թվականի մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը` Սարգիսը, գրեթե 4 ժամ շարունակ ՀՔԾ-ում հարցաքննության է մասնակցել` որպես Մարտի 1-ի քրգործով վկա, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Նա պատմել է, որ քննիչ Գրիգորյանն իրենից հետաքրքրվել է, թե Քլոյանն ինչ հիմքով է հայտարարել, որ գիտի, թե ով է սպանել իր տղային:
«Ես ասացի, որ նայել եմ «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմը, որտեղ պարզ երևում է, որ այն վայրում, որտեղ 4 ոստիկաններից մեկը «Չերյոմուխա-7» է օգտագործում, այդ նույն տեղում է եղել իմ տղան (խոսքը Գրիգոր Լուսավորիչ-Մաշտոց խաչմերուկի մասին է, որտեղ սպանվել է Գոռ Քլոյանը – խմբ.):
Ֆիլմում պարզ երևում է ներքին գործերի այդ ոստիկանը, որն ասում է` այո, ես այսինչ ժամին կրակել եմ այսինչ տեղում, բայց չի բացվել գազային նռնակը: Ես էլ ասացի, որ հիվանդանոցում` վիրահատության ժամանակ իմ տղայի որովայնից հանել են նռնակը և ցույց են տվել ինձ: Արդյոք դա չի՞ նշանակում, որ հենց այդ ոստիկանն է սպանել իմ որդուն: Ասում է`կարող է ինքը չի, կարող է կողքինն է: Մի խոսքով, ասում են, որ չեն կարողանում գտնել, թե չորս ոստիկանից ով ում է սպանել», – ՀՔԾ-ում իր զրույցը պատմել է Քլոյանը:
Նրան նաև հարցրել են մարտի 1-ի ևս մեկ զոհ` Տիգրան Խաչատրյանի սպանության մասին: Քլոյանը պատասխանել է, որ դրա մասին նույնպես «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմից գիտի: Քննիչն ասել է, թե այդ ֆիլմում փաստերը խեղաթյուրված են և զոհերի հարազատներին թյուրիմացության մեջ են գցում: Քլոյանը հակադարձել է և քննիչին ֆիլմի ևս մեկ օրինակ նվիրել`ուշադիր դիտելու համար, իսկ քննիչն ասել է, որ պետք չէ`10 հատ ունի: Քննիչ Գրիգորյանը Քլոյանին նաև խորհուրդ է տվել այսուհետ բոլոր հարցերով իրենց դիմել, գնալ, հարցնել, թե գործի բացահայտումը ուր է հասել, ինչ են արել, ոչ թե լրագրողներին դիմել` հաշվի առնելով, որ խնդիրը քաղաքական է:
«Ես էլ ասացի`ո՞նց չդիմեմ, դիմում ենք, որ ամբողջ աշխարհն իմանա, որ մեր երեխաների սպանությունը չի բացահայտվել», – պատասխանել է Գոռ Քոլյանի հայրը: