«Աշտարակ կաթ» ընկերությունը լաբորատոր փորձաքննության հետ կապված որևէ պաշտոնական փաստաթուղթ կամ արձանագրություն ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից (ՏՄՊՊՀ) չի ստացել հետևաբար չի կարող մեկնաբանել Հանձնաժողովի կայացրած որոշումը:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Աշտարակ կաթ» ընկերության տնօրեն Ստեփան Ասլանյանը: Հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ-ն դեկտեմբերի 16-ին տուգանել է կաթնամթերք արտադրող «Աշտարակ կաթ» (50 մլն դրամով), «Դուստր Մարիաննա» (20 մլն դրամով) և «Անի կաթ» (տուգանվեց 5 մլն դրամով) ընկերություններին անբարեխիղճ մրցակցության համար: Համաձայն Հանձնաժողովի, ընկերությունները կաթնամթերքի արտադրության ժամանակ օգտագործել են կաթի փոշի և կոկոսի յուղ:
«Հաշվի առնելով սպառողների շրջանում ստեղծված լուրջ մտահոգություններն ու անհանգստությունը, ինչն առաջ է եկել ՏՄՊՊՀ-ի կողմից արված հայտարարությունից հետո, պաշտոնապես հայտարարում եմ, որ մեր ընկերություն «Դասական» ու «Կովիկ» տեսականիում իսպառ բացակայում են բուսական յուղը ու կոկոսի յուը», – ասել է Ասլանյանը:
Տնօրենի խոսքով` ամբողջ աշխարհում կոկոսի յուղն ու բուսական յուղն օգտագործվում են պաղպաղակի, հալած պանրի ու ջնարակված պանրիկների մեջ:
«Վստահ կարող եմ ասել, որ կոկոսի յուղն առողջության համար վնասակար, առավել ևս անթույլատրելի չի եղել, ինչպես ներկայացվել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից (ՏՄՊՊՀ): Առկա են բոլոր համապատասխան փաստաթղթերը, որ դրանց ներմուծումները կատարվել են օրինական կերպով», – ավելացրել է Ասլանյանը:
Նրա խոսքով՝ ընկերության աշխատանքի ամբողջ ժամանակահատվածում այն վայելել է սպառողի վստահությունն ու հարգանքը:
««Աշտարակ կաթը» շուկայում է 1995 թվականից և հայտնի է սպառողին ոչ միայն իր որակյալ արտադրատեսակով, այլև բարեխիղճ ու քրտնաջան աշխատանքով: Ունենալով մեր լուրջ ներդրումը հայաստանյան տնտեսության մեջ՝ ունեցել ենք լուրջ ձեռքբերումներ ու դժվարություններ, որպես առաջատար ընկերություն մշտապես գտնվել ենք ուշադրության կենտրոնում: Այսօր, ելնելով այս ամենից, հրավիրում եմ բոլորին հավաքվել ու համոզվելու համար ցանկացած հավատարմագրված լաբորատորիաում փորձաքննության հանձնել մեր ընկերության կողմից ցանկացած ժամանակում արտադրված «Դասական» ու «Կովիկ» տեսականիի կաթնամթերքը», – հորդորել է Ասլանյանը:
Ինչ վերաբերում է կաթի փոշուն, ապա, Ասլանյանի խոսքով, կապված սեզոնի հետ իրենք այն երբեմն օգտագործում են, բայց այդ դեպքում մակնշում են տվյալ փաստը:
Հայաստանյան շուկայի 30-35% զբաղեցնող առաջտար «Աշտարակ կաթ» ընկերության տնօրենն հավաստիացնում է, որ իրենց ընկերությունը համագործակցում է մեծ քանակությամբ ֆերմերների հետ ու դա հայտնի է բոլորին:
«Համոզված եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը գյուղում կունենա հարազատ կամ ծանոթ, ով կփաստի, որ մենք ամեն օր իրենցից կաթ ենք մթերում», – նշել է Ասլանյանը:
Նշենք, որ համաձայն ՏՄՊՊՀ-ի կաթի փոշու օգտագործման դեպքերի ժամանակ տուփերի վրա մակնշումը հիմնականում բացակայել է, իսկ ՏՄՊՊՀ-ի հաշվարկները ցույց են տալիս, որ կոկոսի յուղի օգտագործումը կաթնամթերք արտադրող ընկերություների համար խիստ շահավետ է, քանի որ դրա յուղայնությունը շատ ավելի բարձր է, քան կարագինը, բացի այդ այն կարագից մի քանի անգամ էժան է: