Երեկ «Մուսալեռ» համալիրում կայացած ՀՀՇ Երիտասարդական միության (ԵՄ) 13-րդ համաժողովի ժամանակ միաձայն ընդունվել է ՀՀՇ ԵՄ խորհրդի անդամ, ներկայումս անազատության մեջ գտնվող Տիգրան Առաքելյանին վերաբերող հայտարարությունը:
«2011թ.-ի oգոստոսի 9-ին Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների վրա ոստիկանական հարձակումն ավարտվեց 7 երիտասարդի ապօրինի ձերբակալմամբ: Այնուհետև հանցավոր իշխանությունները կալանավորեցին ՀՀՇ Երիտասարդական միության (ԵՄ) խորհրդի անդամ Տիգրան Առաքելյանին և վերջինիս ազատ արձակման խնդիրը օգտագործեցին Հայ ազգային կոնգրես – իշխանություն բանակցություններում Կոնգրեսի պատվիրակության վրա ճնշում գործելու համար: Այսպիսով, իշխանությունները վերջնականապես փաստեցին Տիգրան Առաքելյանի քաղբանտարկյալ լինելու փաստը», – մասնավորապես, ասված է հայտարարության մեջ:
Հայտարարության հեղինակները նշում են, որ Տիգրան Առաքելյանին մինչ այժմ անազատության մեջ պահելու և մյուս երիտասարդների նկատմամբ ապօրինի քրեական հետապնդման համար հիմք հանդիսացող հարուցված քրեական գործի շինծու լինելը հաստատում են գործում առկա տասնյակից ավելի տուժող և վկա ոստիկանների ցուցմունքները:
ՀՀՇ ԵՄ-ը դատապարտում է Հայաստանում քաղբանտարկյալի առկայությանը հանգեցրած իշխանությունների գործելաոճը և հայտարարում է, որ «պայքարելու է Տիգրան Առաքելյանի ազատ արձակման համար, ինչպես նաև կպայքարի Հայաստանում ցանկացածի ոտնահարված իրավունքի և ցանկացած քաղբանտարկյալի ազատության համար»: