Հայաստանում տեղի ունենալիք փոփոխություններին նպաստելու ամենակարճ ճանապարհը` Ազատության հրապարակը, քաղաքական, քաղաքացիական պրոցեսները երիտասարդությամբ թարմացնելն ու երիտասարդությամբ հարստացնելն է: Այս մասին ՀՀՇ երիտասարդական միության 13-րդ համաժողովի ընթացքում հնչեցրած իր ելույթում ասել է Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:
«Երիտասարդ ասելով` մենք պետք է հասկանանք հետևյալը. այն մարդիկ, ովքեր շատ երկար ու երկար այս երկրում պետք է ապրեն: ՀԱԿ-ի խնդիրն այսօր, առաջին խնդիրն այդ երիտասարդի առաջ տեսադաշտ բացելն է, որ մարդը պատկերացնի, որ հնարավոր է հիսուն տարի դեռևս այս երկրում ապրել: Եվ երկրորդ` այդ քաղաքացուն, մարդուն, երիտասարդին համոզելը, բացատրելը, որ ամեն ինչ իրենից է կախված, այնուամենայնիվ, այդ հիսուն տարվա ճարտարապետը ինքն է լինելու և պատասխանատվությունն իր վրա է լինելու», – նշել է Փաշինյանը:
Նա կարծիք է հայտնել, որ հեղափոխությունը, հեղափոխական զարգացումները հնարավոր չեն առանց երիտասարդության և ուսանողության ներգրավման, ավելին` երիտասարդները պարտավոր են ներգրավվել շարժման և քաղաքական գործընթացների մեջ:
«Հայ Ազգային Կոնգրեսը մի այնպիսի կառույց է, որ իր մեջ ներառում է իմաստնություն և երիտասարդություն: Դուք գիտեք` այդպիսի մի հին ասացվածք կա` «եթե հալիվորը կարողանա, եթե երիտասարդությունը իմանա»: ՀԱԿ-ի առանձնահատկությունը հետևյալն է` այս ասացվածքի իմաստով կա լիդեր, որին իր գիտելիքի համար անվանում են պապի, և կան մարդիկ ովքեր երիտասարդ են, կան մարդիկ ովքեր քաղաքական առումով դեռ կարող են համարվել երեխաներ, և շարժման մեջ իսկապես կան երեխաներ, որոնք 11 տարեկան են, 12 տարեկան են և այդպես շարունակ: Սա նշանակում է, որ մենք գտնվում ենք մի կառույցի մեջ, մի շարժման մեջ, որը գիտի և կարող է` սա ամենակարևոր առանձնահատկությունն է: Եվ այդ իմացությամբ ու կարողությամբ մենք անպայման հաղթելու ենք և մեր հաղթանակը լինելու է իսկապես քաղաքացու հաղթանակ: Մեզ համար հայրենքիը մի երկիր է մի տեղ է, որտեղ ապրել են մեր հայրերը, մեր պապերը, որտեղ ապրում ենք մենք որտեղ պետք է ապրեն մեր երեխաները», – ասել է Նիկոլ Փաշինյանը:
Լուսանկարները` Գեղամ Մելքոնյանի