2012 թվականի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրությունների թեկնածու, միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը առաջարկում է երկրի ղեկավարի նստավայրը Կրեմլից տեղափոխել մեկ այլ վայր, Մոսկվայի ճանապարհների խցանումները պակասեցնելու, ինչպես նաև կոմունիզմի ոգուց հեռու մնալու նպատակով: Այս մասին գործարարը գրել է Live Journal-ի իր բլոգում:
«Կարծում եմ, նախևառաջ անհրաժեշտ է նախագահի համար հարմար վայր գտնել, որտեղ նա կկարողանա հանգիստ ապրել և աշխատել` ոչ ոքի չխանգարելով: Վայր, որտեղ տեղակայված կլինեն միաժամանակ և´ նախագահական բնակարանը, և´ աշխատանքային գրասենյակը: Դրան կարելի է մոտեցնել նաև ողջ վարչակազմը: Եվ դա տեղի կունենա առանց Մոսկվայի լայնացման մեգա ծրագրերի»,-գրել է Պրոխորովը:
«Ընդհանրապես, ես վաղուց եմ նկատել, որ Կրեմլի մթնոլորտը վատ է ազդում այն մարդկանց վրա, որոնք ստիպված են լինում աշխատել այնտեղ: Կրեմլում բավական շատ բացասական էներգիա է կուտակվել: Բոլոր նրանք, ովքեր այնտեղ են հայտնվում, աստիճանաբար, չգիտես ինչու, խորհրդային քաղբյուրոյի ոգով են լցվում: Հավանաբար այնտեղ է ապրում կոմունիզմի ոգին, որը մի ժամանակ թափառում էր Եվրոպայում: Իսկ ես կցանկանայի, որ այդ ոգին հեռու լինի մեր իշխանություններից: Բացի դա, այն նաև կբեռնաթափի ճանապարհների երթևեկությունը»,-բացատրել է գործարարը: