Ռուսաստանի համար Գաբալինսկի ռադիոլոկացիոն կայանը աշխարհաքաղաքական հեղինակության, իսկ Ադրբեջանի համար` իսկական անվտանգության հարց է, քանի որ եթե Արևմտյան կոալիցիան հարված հասցնի Իրանին, վերջինս հրթիռներով կպատասխանի ոչ միայն Իսրայելի ուղղությամբ, այլ նաև Ադրբեջանի: vesti.az կայքի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռուսաստանյան քաղաքագետ Գրիգորի Տրոֆիմչուկը:
Նրա խոսքով` Ադրբեջան-ՌԴ պայմանագրի երկարաձգման դեպքում, Արևմուտքին շահեկան կլինի Իրանի ձեռքով պատժել Ադրբեջանին հրթիռային հարվածներ հասցնելով ադրբեջանական տարածքներին:
«Ռուսաստանը Իրանին չի սատարի, դա պարզ դարձավ Համաշխարհային Առևտրային կազմակերպությանն անդամագրվելուց հետո, որին, իր հերթին նախորդում էր ՌԴ և ԱՄՆ նախագահների պայմանավորվածությունը Գոնոլուլույում տեղի ունեցած գագաթաժողովի ժամանակ», – պարզաբանել է նա:
«Այսպիսով, Ադրբեջանին ընդամենը մեկ տարբերակ է մնում. ամբողջությամբ գոհացնել ԱՄՆ-ին, որպեսզի Իրանին հասցված հարվածների դեպքում ինքը նվազագույն թվով անցքեր ունենա: Սակայն տեսականորեն մեկ այլ տարբերակ էլ է պահպանվել, առանց աստղաբաշխական գումարների թույլ տալ Ռուսաստանին ոչ միայն օգտագործել, այլև օպերատիվ կերպով մոդեռնիզացնել Գաբալինսկի կայանը, միաժամանակ պայմանագիր կնքել Ադրբեջանի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման վերաբերյալ: Այս փաստը ինքն իրենով ի վիճակի է կանգնեցնել հակաիրանական հարվածի զարգացումը: Միևնույն տարբերակը կկանխի Ղարաբաղի ինքնորոշման հնարավորությունը, որն անխուսափելիորեն կարող է տեղի ունենալ դեպքերի նման դասավորվածության և տարածաշրջանում ամերիկյան ազդեցության մեծացման պայմաններում: Ամեն դեպքում պատմական ընտրությունը դեռևս Բաքուն պետք է կատարի»:
Հակաիրանական արշավը, ըստ վերլուծաբանի, սպառնում է նաև հայկական ԱԷԿ-ի անվտանգությանը:
«Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ իրանական հարցի ուժային տարբերակով լուծման պարագայում, «պատահական» հարված չի հասցվի և այս կայանի ուղղությամբ, որը գտնվում է Իրանի փաստացի դաշնակցի տարածքում: ԱՄՆ-ն և Եվրոպան շատ հեռու են գտնվում իրադարձությունների վայրից, ինչը տեսականորեն հեշտացնում է նման որոշման ընդունումը և անգամ ավելին, սադրում է դրան», – հայտարարել է Տրոֆիմչուկը: