Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցում շահագործման է հանձնվել վերգետնյա հետիոտն նոր անցում: Բացման արարողությանը ներկա է գտնվել և անցումից առաջինն օգտվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետն ընդգծել է, որ մայրաքաղաքի բոլոր այն հատվածներում, որտեղ գլխավոր փողոցների հարակից տարածքները խիտ են բնակեցված և քաղաքաշինական առումով էլ թույլատրելի է, կշարունակվի վերգետնյա անցումների շինարարությունը:
Վերգետնյա անցումի կառուցման աշխատանքներում, բնակիչների ցանկությունից զատ, հաշվի են առնվել նաև անվտանգության և հարմարավետության չափանիշները։ Երեկոյան ժամերին անվտանգությունն ապահովելու նպատակով անցկացվել է հատուկ լուսավորություն, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: