Ռուսական իշխանություններն ամեն կերպ փորձում են ցույց տալ, որ դժգոհ են Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական կողմնորոշումից, գրում է «Հրապարակ» օրաթերթը`նշելով, որ Մեծամորի ատոմակայանի կառավարումից հրաժարվելուց հետո դժգոհությունը ցույց տալու հաջորդ քայլը կարող է լինել գազի սակագնի հերթական բարձրացումը:
«Ինչպես հայտնի է, այս «զենքը» օգտագործել են ինչպես 2003 թվականի, այնպես էլ 2008-ի նախագահական ընտրություններից առաջ, փորձելով զիջումներ կամ երաշխիքներ կորզել հայկական իշխանությունից: Տրամաբանությունը պարզ է. ձմռանը գազի սակագնի բարձրացումը դժգոհություն կառաջացնի իշխանության նկատմամբ` դժվարացնելով նրա վերարտադրությունը», – գրում է օրաթերթը:
Նշենք, որ Հայաստանում 2012 թվականին խորհրդարանական ընտրություններ են լինելու, իսկ 2013 թվականին` նախագահական: