Ուկրաինական FEMEN կանանց շարժման ակտիվիստները կորել են Բելառուսում` մայրաքաղաք Մինսկի կենտրոնական հրապարակում անցկացրած «ԿԳԲատկա» ակցիայից հետո, որն ուղղված էր Բելառուսի բռնապետ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ: Այս մասին հայտնում է շարժման LiveJournal-ի էջը: Շարժման մասնակիցները կոչ են անում բոլորին օգնել գտնել աղջիկներին:
Դեկտեմբերի 19-ին կայացած FEMEN-ի ակցիայի ընթացքում ձերբակալվել են բոլոր ներկա լրագրողները, այդ թվում` շարժման օպերատորը, և Ավստրալիայի քաղաքացի Քիթի Գրինը: Ակտիվիստներ Իննա Շևչենկոյին, Օկսանա Շաչկոյին և Ալեքսանդր Նեմչինովին հաջողվել է փախչելբողոքի ակցիայի անցկացման վայրից: Բելառուսի ԿԳԲ-ի ղեկավար Ալեքսանդր Անտոնովիչը տեղի ունեցածը «մանրակրկիտ ծրագրավորված կոպիտ սադրանք» է որակել:
FEMEN-ի ակտիվիստների գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չէ, վերջին անգամ նրանք կապի մեջ են եղել դեկտեմբերի 19-ին`18:09-ին և հաղորդել են, որ փորձելու են փախչել Մինսկից: Հեռախոսազրույցից 40 րոպե անց նրանց հետ կապը կտրվել է:
Շարժման ակտիվիստները պարզել են նաև, որ աղջիկները ոչ Մինսկի հիվանդանոցներում են, ոչ էլ ոստիկանությունում: FEMEN-ը վստահություն է հայտնում, որ աղջիկներն այժմ Բելառուսի «լեգենդար» ԿԳԲ-ում են, որը պատասխանատու է բազմաթիվ մարդկանց բռնաճնշումների և մահերի համար:
Երեկ ակցիայի ժամանակ FEMEN-ի աղջիկները կրկին մերկացել են Մինսկի ԿԳԲ-ի գլխավոր շտաբի մոտ: Աղջիկներից մեկին նմանեցրել են Լուկաշենկոյին: Ակտիվիստները ձեռքներում պահում էին «Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսով պաստառներ: Իրենց օրինակով FEMEN-ը կոչ էր արել բելառուսցիներին չվախենալ Լուկաշենկոյից և որոշիչ հարված հասցնել «ԿԳԲատկայի» ռեժիմին: