Հայոց Ցեղասպանությունը պատմական փաստ է, և դրա ժխտումը քրեորեն հետապնդելի դարձնելու մասին Ֆրանսիայի խորհրդարանում քննարկվող օրինագիծը կապ չունի առաջիկա ընտրությունների հետ, հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպական հարցերով նախարար Ժան Լեոնետին:
«Այսօր բոլոր ժողովուրդները պետք է իրազեկ և քաջ լինեն իրենց պատմությանն առերեսելու հարցում: Մոտ 100 տարի է անցել Հայոց Ցեղասպանության իրականացումից, մեղավորները կենդանի չեն, դա պարզապես պատմությունը ճանաչելու խնդիր է»,- Radio Classique ռադիոկայանի հետ զրույցում ասել է Եվրոպական հարցերով նախարարը:
Ֆրանսիական խորհրդարանը դեկտեմբերի 22-ին պատրաստվում է քննարկել օրինագիծ, համաձայն որի Ֆրանսիայում յուրաքանչյուր ոք, ով հրապարակավ կժխտի ցեղասպանությունը մեկ տարվա ազատազրկման կդատապարտվի կամ կտուգանվի 45,000 եվրոյի չափով:
Նշենք, որ թուրքական իշխանությունները փորձում են ճնշում գործադրել Ֆրանսիայի վրա` թույլ չտալու համար օրինագծի ընդունումը` խոստանալով խզել դիվանագիտական հարաբերությունները և Ֆրանսիայից հետ կանչել Թուրքիայի դեսպանին: Անկարան վստահ է, որ օրինագծի ընդունումը դիվանագիտական ճգնաժամ կառաջացնի և տնտեսական խնդիրների կբերի:
Միաժամանակ Թուրքիայի պաշտոնյաները նշում են, որ օրինագծի ընդունումն ընդամենը քաղաքական շահ է հետապնդում, քանի որ այդպիսով հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններում Ֆրանսիայի հայ համայնքը կարող է ձայներ տալ իշխող կուսակցությանը:
Սակայն Լեոնետին վստահ է, որ այս վարկածը չի համապատասխանում իրականությանը, քանի որ ընդդիմադիր սոցիալիստները նույնպես պատրաստվում են իշխող կուսակցության հետ մեկտեղ քվեարկել հօգուտ օրինագծի:
«Եթե սա քվեներ հավաքելու խնդիր լիներ, չեմ կարծում, որ ընդդիմությունը կողմ կլիներ դրան: Դա պատգամավորների որոշումն է, ոչ կառավարության»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Ֆրանսիան ճանաչել է Հայող Ցեղասպանությունը 2001 թվականին: