Դեկտեմբերի 11-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում ինքնասպանության փորձ կատարած գյումրեցի 64-ամյա Անահիտ Վարդանյանն երեկ դուրս է գրվել հիվանդանոցից: Նա ստացել է համապատասխան մասնագիտական բուժում և անցել հոգեբույժի կոնսուլտացիա, ինչի արդյունքում էլ հաստատվել է, որ կինը հոգեկան շեղումներ չունի: Այս մասին Epress.am-ին տեղեկացրել է «Արմենիա» Հանրապետական բժշկական կենտրոնի (Հանրապետական հիվանդանոց) տոքսիկոլոգիայի բաժանմունքի բժշկուհի Աշխեն Ղազարյանը:
Ծանր սոցիալական պայմաններից ելնելով՝ օմբուդսմենի գրասենյակում պերեօքսիդի լուծույթ խմած կինն հիվանդանոց էր տեղափոխվել բերանի խոռոչում քիմիական այրվածքով, որտեղ էլ նրան, ըստ Աշխեն Ղազարյանի, դեզինտոսիկացիոն բուժում էր նշանակվել:
Ավելի վաղ՝ հիվանդանոցում, Անահիտ Վարդանյանը ասել էր՝ իր ապրելն անիմաստ է, և ինքը չի զղջում կատարած արարքի համար: Բժշկուհու հավաստմամբ՝ օրեր անց նա բոլորովին այլ կերպ է մտածում:
«Ցանկացած ոք, ով ինքնասպանության է դիմում, պարտադիր անցնում է հոգեբույժի կոնսուլտացիա: Չնայած նրան, որ Անահիտը չափազանց հավասարակշռված ու խելացի կին է: Նրան զննել է հոգեբույժը, ինչի հիման վրա էլ կազմվել է եզրակացություն՝ սիտուացիոն ռեակցիա՝ սուիցիդալ փորձով, այսինքն նրա այդ քայլին գնալը պայմանավորված է եղել զուտ պահի ազդեցության տակ և մի շարք պատճառներից ելնելով», – պատմել է Ղազարյանը:
Բերանի խոռոչի, ստամոքսի, լորձաթաղանթի քիմիական այրվածքներով ու սուր էկզոգեն թունավորմամբ հիվանդանոց տեղափոխված կնոջ հետ տարված համապատասխան բուժումը, ըստ բժշկուհի Ղազարյանի, տվել է իր դրական արդյունքը:
«Այսուհետ Անահիտը կգտնվի տարածքային բժշկի անմիջական հսկողության տակ: Կարևորն այն է, որ նա իրեն լավ է զգում և անգամ շնորհակալագիր է ներկայացրել մեր հիվանդանոցի բուժանձնակազմին: Նա նաև տեղեկացրել է , որ մինչև Գյումրի վերադառնալը մի քանի օր կանցկացնի Երևանում բնակվող ամուսնու քրոջ տանը, այնուհետ փեսան իրեն տուն կտանի», – պատմել է Ղազարյանը:
Ի դեպ, բժշկուհին նաև հավելել է, որ Անահիտը շատ լավ հարաբերություններ ունի փեսայի հետ, ով մի քանի անգամ եկել է զոքանչին այցելության: Այ սպահին նա Գյումրիից Երևան է եկել որպես բանվոր աշխատելու համար:
«Անահիտն ապրում է աղջկա ու նրա հինգ երեխաների հետ, և, ինչպես ինքն է փաստել՝ ինքնասպանության փորձն արել է հենց նրանց վիճակը բարելավելու համար: Անահիտը շատ չափված ու ձևված է իր բոլոր քայլերում ու շարժումներում և ամենակարևորն այն է, որ գիտակցել է իր սխալն ու հավաստիացրել՝ այլևս երբեք նման քայլի չդիմել», – նշել է Ղազարյանը: