ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) գտնվում է շահերի բախման կիզակետում՝ մի կողմում ապռողների շահն ու պահանջներն են, մյուս կողմում՝ բիզնեսի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասել է (ՏՄՊՊՀ)-ի նախագահ Արտակ Շաբոյանը:
«Սպառողները պահանջում են խիստ լինել, սակայն, հաշվի առնելով մեր աշխարհագրական դիրքը, սահմանափակվածությունը և մի շարք լուրջ խնդիրներ, աշխատում ենք տնտեսվարողների նկատմամբ այնպիսի պատիժ կիրառել, որպեսզի բիզնեսի վրա անդառնալի ու կործանարար հետևանքներ չթողնենք:
Բացի այն, որ մեր հանձնաժողովը խոշոր չափի տուգանքներ է կիրառում անբարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ, հարվածի տակ է դրվում նաև ընկերությունների իմիջը, որ ձեռք է բերվել երկար տարիների ու աշխատանքի արդյունքում», – նշել է Շաբոյանը:
Ամփոփելով 2011 թվականին հանձնաժողովի կատարած աշխատանքները, Շաբոյանը նշել է, որ տարին արդյունավետ է եղել (ՏՄՊՊՀ)-ի համար:
«Տարվա ընթացքում մեր հանձնաժողովը բացահայտել է բազմաթիվ խնդիրներ ու չարաշահունմեր և չարաշահողներին ենթարկել է պատասխանատվության՝ ըստ որի կայացվել է պատասխանատվության միջոցների 198 որոշում՝ երկու անգամ ավել, քան 2010թվականին և 6-7 ամգամ ավել՝ քան նախորդ տարիներին:
Նրա հավաստմամբ` այս տարվա ընթացքում 375 միլիոն դրամի չափի տուգանք է նշանակվել իրենց հանձնաժողովի կողմից՝ տասը անգամ ավել՝ քան 2010-ին:
«Շատ կարևոր է, թե նշանակված տուգանքներից որքանն է գանձվում: Այս պահի դրությամբ գանձվել է 177 միլիոն դրամի տուգանք (2010 թվականին գանձվել է 22.5 միլիոն դրամ), որն անհամեմատ գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը: Մենք այս արդյունքների հիմնական մասն ապահովել ենք այս տարվա երկրորդ կիսամյակում», – ամփոփել է նա: