Այսօր ՀՀ կառավարության որոշմամբ լուծվել է Արծվաշենի նախկին բնակիչներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու հարցը: Հիշեցնենք, որ 1992 թվականի օգոստոսի 8-ին Գեղարքունիքի մարզի Արծվաշեն գյուղ են մտել Ադրբեջանի Զինված ուժերը, որի հետևանքով 700-ից ավելի ընտանիքներ ստիպված են եղել գաղթել իրենց բնակավայրից` հիմնականում բնակություն հաստատելով Գեղարքունիքի մարզի այլ բնակավայրերում:
Տիգրան Սարգսյանը նիստի ընթացքում պարզաբանել է, որ արծվաշենցիների խնդրանքով «նրանց հանդեպ ցուցաբերվել է առանձնահատուկ մոտեցում»։
«Որոշման նրբությունն այն է, որ մենք մեր ընդհանուր կարգից շեղվում ենք, – ասել է վարչապետը։ – Արծվաշենցիների խնդրանքը կատարելու համար մենք պայմանավորվեցինք, որ բոլոր 708 ընտանիքները գրավոր համաձայնություն տան, որ կիրառվի ֆինանսական միջոցների բաշխման իրենց առաջարկած սխեման։ Այժմ բոլոր ստորագրությունները հավաքվել են, և կառավարությունը տրամադրում է 704 մլն դրամ։ Այսպիսով, արծվաշենցիները համարում են, որ պետությունն իրենց նկատմամբ կատարել է իր բոլոր պարտավորությունները։ Հարգում ենք նրանց համախմբվածությունը, միասնական դիրքորոշում ցուցաբերելու կամքը», – ասել է Տիգրան Սարգսյանը։