Երեկ ժամը 19:00-ի սահմաններում Լոռու մարզի Տաշիր քաղաքի գերեզմանատան մոտակայքում խոշոր հրդեհ է բռնկվել, սկսել են այրվել խոտածածկ տարածքները:
Դեպքի վայր մեկնած փրկարարները Տաշիրի հարակից տարածքում` Սարատովկա, Նովոսելցովո, Մեդովկա, Կրուգլայա շիշկա, Լեռնահովիտ, Պետրովկա գյուղերի մոտ, հայտնաբերել են ևս 10-ից 14 հրդեհի օջախ, հաղորդում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը: Հրդեհը տարածվել է նաև անտառային տարածքներում:
Հրդեհի օջախներին մոտենալու համար պահանջվել են բարձր անցողության տրանսպորտային միջոցներ և լրացուցիչ ուժեր: Դեպքի վայր են մեկնել զինծառայողներ` բեռնատար ավտոմեքենաներով: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և Տաշիրի քաղաքապետարանի աշխատակիցները, ինչպես նաև վերոնշված գյուղերի բնակչությունը:
Հրդեհի օջախները մարվել են ժամը 02.30-ին: Այրվել է 1700 հա խոտածածք և 300 հա անտառածածկ տարածք: