ՌԴ քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների զարգացման հարցերով նախագահական խորհուրդը երեկ հրապարակել է ЮКОС նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու և МЕНАТЕП բանկի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Պլատոն Լեբեդևի երկրորդ քրեական գործով փորձաքննության նյութերը: Նյութերում չգտնելով հանցագործ տարրեր, միաժամանակ քրեական հետապնդման բազմաթիվ խախտումներ հայտնաբերելով` խորհուրդը մտադիր է դիմել ՌԴ գլխավոր դատախազին` դատավճիռը բողոքարկելու խնդրանքով, ինչպես նաև Ռուսաստանի հետաքննչական կոմիտե` հետաքննությունը վերսկսելու առաջարկով: Փորձագետները նշում են, որ հարցի որոշումը քաղաքական կլինի:
Արդյունքները ներկայացնող նախագահական խորհրդի անդամ ՌԴ սահմանադրական դատարանի նախկին դատավոր Թամարա Մորշակովան ընդգծել է, որ բոլոր փորձագետները եկել են այն եզրակացության, որ Միխայիլ Խոդորկովսկու և Պլատոն Լեբեդևի գործով վճիռը «սխալ է եղել»:
Հիշեցնենք, որ 2010 թվականի դեկտեմբերին դատարանը Խոդորկովսկուն և Լեբեդևին 14 տարվա ազատազրկման դատապարտեց 200 մլն տոննա նավթի շորթման և փողերի լվացման մեղադրանքով: Իսկ մայիսի 24-ին Մոսկվայի պետական դատարանը կրճատեց պատժաժամկետը մեկ տարով: 2011 թվականի հունվարին նախագահի հետ հանդիպման ժամանակ խորհրդի անդամներն առաջարկել էին դատավճռի հասարակական փորձաքննություն անցկացնել և ստացել էին Դմիտրի Մեդվեդևի համաձայնությունը: