Վովա Գասպարյանի մտահղացմամբ առաջիկայում նոր ստորաբաժանում է ստեղծվելու ոստիկանությունում, որն իրականացնելու է արտաքին ծառայություն, մասնավորապես, զանգվածային միջոցառումների ժամանակ։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը` հղում կատարելով իր աղբյուրներին:
Ըստ «Հրապարակի»` տվյալ ստորաբաժանումը էապես տարբերվելու է ՊՊԾ-ից։ Այն, այսպես ասած, էլիտար ծառայություն է լինելու, որի ներկայացուցիչները պետք է բարձր գիտելիքներով ու մի շարք հմտություններով օժտված լինեն, տիրապետեն անգլերենին, առաջին բուժօգնություն ցուցաբերեն՝ ընդհուպ ծնունդ ընդունել, ինչպես նաև քաղաքացիների հետ ցիվիլ բանակցելու հմտություն ունենան։
ՊՊԾ-ի դեպքում այս գործառույթը նախկինում իրականացնում էին Վալերի Օսիպյանն ու հայտնի Բազազը՝ Ռոբերտ Մելքոնյանը։ Հավանաբար, նրանք այլևս չեն համապատասխանում միտինգ ցրելու ժամանակակից՝ գասպարյանական պահանջներին, գրում է թերթը: «Հրապարակի» աղբյուրի փոխանցմամբ` Գասպարյանը հատուկ բծախնդրությամբ է ընտրում այս ստորաբաժանման թեկնածուներին։ Նույնիսկ երեկ նրանց հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ պետք է լինեն «քաղաքացիների պահապան հրեշտակները»։ Նա նաև խիստ կարևորել է երիտասարդ լինելն ու բարետես արտաքինը՝ թերևս հրեշտակների իմիտացիա ստեղծելու համար։ Կընդգրկվեն նաև կանայք։ Այնպես որ, բազազների ժամանակն անցավ, եկել է երիտասարդ, ինտելիգենտ ու համակրելի ոստիկանների ժամանակը։