Ռայան և Ալեքսանդր Հարթ եղբայրներին Ամերիկյան Վիսկոնսին նահանգում պարտավորեցրել են տուգանք վճարել փլանքինգի` «տախտակի դիրքում» նկարահանվելու համար: Ամերիկացիներին որոշել են պատասխանատվության ենթարկել հասարակական կարգը խախտելու համար:
Վարույթի ընթացքում հաստատվել է, որ եղբայրները նկարահանել են միմյանց տարբեր հարթությունների վրա փլանքինգ իրականացնելիս, այդ թվում` ոստիկանական մեքենայի և իրավապահ մարմինների զոհված աշխատակիցների հիշատակին նվիրված հուշարձանի վրա: Facebook սոցիալական ցանցում տեղադրված հենց այդ երկու լուսանկարներն էլ դատարանի դժգոհությունն են առաջացրել:
Առհասարակ փլանքինգը արգելված չէ օրենքով, սակայն եղբայրների դեպքում իրավիճակի մի փոքր այլ է, նրանք դա իրականացրել են այնպիսի հարթությունների վրա, որոնց չի կարելի դիպչել:
Դատական վճռի համաձայն, եղբայրները պետք է 303 (Ալեքսանդր ) և 429 (Ռայան ) դոլարի չափով տուգանք վճարեն: Եղբայրները, սակայն, նշում են, որ իրենց կողմից ստեղծված նկարները «ֆոտոշոփի» արդյունք են: Նրանք պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը:
Նշենք, որ Փլանքինգի հիմնական կանոններն են` հնարավորինս շատ մտնել «տախտակի կաշվի» մեջ, պառկել հորիզոնական դիրքով և որքան տարօրինակ ու անպատեհ տեղում, այնքան ավելի լավ: