Իջևանի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղալումյանը երեկ փորձել է անցնել քաղաքապետի պարտականությունների կատարմանը, սակայն հանդիպել է խոչընդոտի:
Նրան ասվել է, որ իր լիազորությունները մեկնարկում են դեկտեմբերի 25-ից, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Ղալումյանը, սակայն, փաստարկում է, որ գործող քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի լիազորությունները պետք է ավարտվեն դեկտեմբերի 21-ին, քանի որ նա չորս տարի առաջ այդ օրն է ստանձնել պաշտոնը։ Տավուշի մարզի թիվ 41 ԸԸՀ նախագահ Աիդա Սարգսյանը «ՀԺ»-ի թղթակցին ասել է, որ նախորդ ընտրություններում Վարուժան Ներսիսյանի հաղթանակի մասին որոշումն արխիվում չեն գտնում:
«Ճիշտն ասած, մեզ մոտ պետք է լիներ, բայց ցավոք սրտի՝ չկա, չի պահպանվել, չկա արխիվում, ոչ մի տեղ չի երևում։ Հիմա գրություն ենք պատրաստում և ԿԸՀ, և մարզպետարան, որ տեսնենք իրենց մոտ էդ որոշումը պահպանվե՞լ է, թե ոչ», – ասել է Սարգսյանը։