Նորվեգիայում կրկնակի ահաբեկչություն իրականացրած Անդերս Բերինգ Բրեյվիկի մայրը պատմել է նորվեգացի լրագրողներին, որ իր որդին զենք և քիմիկատներ էր գնում հարձակումներ իրականցնելու համար:
Բրեյվիկն ապրում էր մոր հետ նրա բնակարանում մինչև մայիս: Մայրը նկատել էր, որ որդու հետ ինչ-որ բան այն չէ ահաբեկչությւնից մոտ կես տարի առաջ:
«Նա որսորդական հրացան էր գնել, որն իր սենյակում էր պահում, այնուհետև հրացան գնեց, իսկ Ամանորին նաև ատրճանակ», – պատմել է ահաբեկչի մայրը:
«Շատ տարօրինակ ծանր պարկեր էր ստանում: Տան պահեստը լցված էր տարօրինակ իրերով: Երբ հարցնում էի, թե ինչ է այնտեղ պահում, և ինչ է պատրաստվում անել դրա հետ, որդիս զայրանում էր»,- հիշում է մայրը:
Կինը նաև հայտնել է, որ 2006 թվականից որդին իրեն սկսել է տարօրինակ պահել, սակայն վերջին տարիներին դա առավել նկատելի է դարձել: Այս ողջ տեղեկություններով մայրը կիսվել է նաև դատաբժշկական փորձաքննություն անցկացնող մասնագետներին:
Հիշեցնենք, որ 2011 թվականի հուլիսի 22-ին Բրեյվիկը Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում և Ուտոյա կղզում կրկնակի ահաբեկչություններ իրականացրեց`77 մարդու կյանք խլելով: Բրեյվիկը առաջին իսկ հարցաքննության ժամանակ խոստովանել էր, որ հենց ինքն է ահաբեկչություններն իրականացրել, սակայն իրեն մեղավոր չի ճանաչում: Նոյեմբերի վերջին դատաբժշկական փորձաքննություն իրականացնող մասնագետներն ու համապատասխան հանձնաժողովը վճռել էր, որ Բրեյվիկը հոգեկան խանգարում ունի, նա տառապում է պարանոիդալ շիզոֆրենիայով և հարկադրական բուժում պետք է անցնի: