14:41 Երիտասարդները սկսեցին իրենց բեմադրությունը` Գրիգոր Լուսավորիչ փողոցի մայթին տեղադրված աղբարկղի վրա փակցնելով «Ընտրարկղ» գրությունը և Հայաստանի ու Ռուսաստանի զինանշանները:
Այդ պահին ակցիայի ընթացքը հսկող ոստիկանները կապ հաստատեցին իրենց ղեկավարության հետ, որից հետո, իրենց խոսքով, «ախպերական» խնդրեցին մասնակիցներին հանել զինանշանը արկղի վրայից:
Կազմակերպիչները հանեցին զինանշանները` թողնելով միայն «Աղբարկղ» գրությունը, և սկսեցին բեմականացված քվեարկությունը:
Նրանք ակցիայի մասնակիցներին բաժանել էին քվեաթերթիկներ, որոնց վրա երկու վանդակ կար: Մեկի դիմաց գրված էր «Միակ ճիշտ» կուսակցություն, իսկ մյուսի դիմաց` «Այլընտրանքային կուսակցություն»:
Քվեարկելուց հետո ակցիայի մասնակիցները թերթիկները նետում էին ընտրարղ, որից հետո նրանցից մեկը քվեաթերթիկների մի մեծ խրցով մոտեցավ` ամբողջը միանգամից նետելով արկղի մեջ:
Վերջում կայացավ ձայների հաշվարկ, որի ընթացքում վավեր էին ճանաչվում միայն այն քվեաթերթիկները, որոնց վրա նշված էր «Միակ ճիշտ» կուսակցությունը: Այլընտրանքային կուսակցությանը կողմ քվեարկածների քվեաթերթիկներն անվավեր էին համարվում:
Հաշվարկի կեսից «Հանձնաժողովը» որոշեց դադարեցնել ընթացքը և հայտարարեց, որ հաղթող է ճանաչվել 127 տոկոս հավաքած «Միակ ճիշտ կուսակցությունը»:
Ակցիայի կազմակերպիչներն այսկերպ փորձեցին ցույց տալ, որ մոտավորապս նման սցենարով են անցնում ընտրությունները Ռուսաստանում և Հայաստանում: 14:21 Ակցիայի կազմակերպիչներից Անտոն Իվչենկոն հայտնեց ներկաներին, որ իրենք ակնկալում են մոտ երեսուն մարդու մասնակցություն: Նա նշել է, որ այս ակցիան կազմակերպվում է Հայաստանում` ի համերաշխություն Ռուսաստանում բողոքի ցույցերի մասնակիցների, ինչպես նաև ցույց տալու համար, որ Հայաստանում ընտրությունների վիճակը նույնքան վատ է:
Իվչենկոն խոսել է ՌԴ-ում անցկացված խորհրդարանական ընտրությունների ժամանակ արձանագրված բազմաթիվ խախտումների մասին` նշելով, որ ընտրությունները նմակ կերպ են անցնում Ռուսաստանում, Հայաստանում և ցանկացած այլ երկրում, որտեղ չկա ժողովրդավարություն:
Ակտիվիստները պաստառներ են բարձրացրել, որ վրա ռուսերեն գրված է` «Нет фальсификациям», և հայարեն` «Ուր է իմ ձայնը»:
Նշենք, որ ակտիվիստներին հսկում են մոտ 15 ոստիկաններ:
14:10 Այսօր ժամը 14:00-ին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմացի մայթին հավաքվել են ընդդեմ ընտրակեղծիքների և «գողերի և ավազակների» կուսակցությունների բողոքի ակցիայի մասնակիցները:
Ինչպես ավելի վաղ հայտնել էին միջոցառման նախաձեռնողները, բողոքի ցույցին մասնակցում են Թե Հայաստանի, թե Ռուսաստանի քաղաքացիներ: Ցույցի շրջանակներում մասնակիցները բեմականացված ներկայացմամբ կցուցադրեն, թե ինչպես են սովորաբար ընթանում «ընտրությունները» ոչ ժողովրդավարական երկրներում:
Նշենք, որ այսօր նույն ժամին աշխարհի տարբեր քաղաքներում և Ռուսաստանի բոլոր մեծ քաղաքներում տեղի են ունենում նմանատիպ ցույցեր: