Մոտ օրերս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես կհայտարարի 2012 թվականի մայիսի 26-ին կայանալիք Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Ֆրանսիայի ընտրանու հանդիպման անցկացման մասին:
Դեկտեմբերի 23-ին «Լրացուցիչ ժամանակ» հաղորդման եթերում այս մասին հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
«Բանակցությունները գնում են, իրենք նամակ էին ուղարկել մեզ՝ ասելով՝ ընտրեք 26-ից 30-ը որ օրն եք ուզում: Մեր գլխավոր մարզիչը (Վարդան Մինասյան – խմբ.) արդեն պատասխանել է, որ մեզ հարմար է 26-ը», – ասել է Հայրապետյանը:
Հանդիպման անցկացման վայրը հաղորդման ընթացքում չի նշվել: ՀՖՖ նախագահն ասել է միայն, որ մոտ օրերս պայմանագիրը կստորագրվի և Ֆեդերացիան կհայտնի մանրամասները:
Ռուբեն Հայրապետյանը նշել է, որ մինչ Աշխարհի գավաթի ընտրական փուլի մեկնարկը (սեպտեմբեր) ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը 4-ից 5 ընկերական հանդիպում է խնդրել, և այդ ուղղությամբ ՀՖՖ-ն արդեն աշխատում է: 1 կամ 2 հանդիպում կկայանա փետրվար ամսին, ևս 2-ը մայիսի վերջին, մեկն էլ օգոստոսին:
Հայրապետյանի խոսքով՝ մյուս ընկերական հանդիպումների մրցակիցները դեռ հայտնի չեն, Ֆեդերացիան բանակցում է մի քանի ուղղությամբ, այդ թվում` հայտ է ներկայացրել Ավստրիայում ընկերական մրցաշարին մասնակցելու համար, որը կկայանա հունիսի սկզբին: Հայրապետյանի խոսքով՝ եթե ստացվի, ապա մեր թիմն այդ շրջանում միանգամից 3 հանդիպում կանցկացնի:
«Բայց չեմ ուզում ժամանակից շուտ անցնել: Երբ թղթերը կստորագրենք, այդ ժամանակ Ֆուտբոլի ֆեդերացիան կհրապարակի՝ երբ և որ հավաքականների հետ ենք խաղում», – ասել է Ռուբեն Հայրապետյանը:
ՀՖՖ նախագահը ևս մեկ անգամ նշել է, որ չի պատրաստվում ընկերական հանդիպումներ անցկացնել Թուրքիայում: Այդ պատճառով ՀՖՖ-ն համաձայնության չի եկել Բելառուսի հավաքականի հետ, որը փետրվարին առաջարկում էր խաղալ Անթալիայում:
«Քանի ես Ֆեդերացիայի նախագահ եմ, Հայաստանի ընտրանին չի խաղա Թուրքիայում այլ երկրի հավաքականի հետ: Թուրքիայում կխաղանք միայն Թուրքիայի հետ», – հայտարարել է Հայրապետյանը: