Երեկ ազատամարտիկ, ԱԺ նախկին պատգամավոր և նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը հրազդանցիների հետ հանդիպմանը հայտարարել է, որ որոշել է ընդունել երեք օր առաջ իրեն արված առաջարկը և առաջադրվել Հրազդանի քաղաքապետի ընտրություններում:
Թերթը հիշեցնում է, որ երեք օր առաջ հրազդանցիների հետ հանդիպման ժամանակ վերջիններս Միքայելյանին առաջադրվելու առաջարկ էին արել, ինչից հետո Միքայելյանը մտածելու համար 3 օր ժամանակ էր խնդրել հրազդանցիներից;
Ինչպես «ՉԻ»-ի հետ զրույցում նշել է Միքայելյանը, ինքն այդ որոշումն ընդունել է, քանի որ այդպես են որոշել հրազդանցիները: Միքայելյանը նաև նշել է, որ իրենք թույլ չեն տալու, որպեսզի իշխանությունները Հրազդանում ընտրակեղծիքներ անեն:
«Մենք գնալու ենք արդար ընտրությունների, և թույլ չենք տա ընտրակեղծիքներ իրականացնեն: Իսկ եթե լինեն ըտրակեղծիքներ, ապա իրենք գիտեն, որ ես ամեն քայլի գնալու եմ», – «ՉԻ»-ի հետ զրույցում նշել է Միքայելյանը:
Հրազդան քաղաքում թեկնածուների գրանցումը սկսվելու է 2012 թվականի հունվարի 8-ին և ավարտվելու հունվարի 13-ին: Հրազդանի քաղաքապետի ընտրությունները պետք է կայանան 2012-ի փետրվարի 12-ին: