«Ժառանգություն» կուսակցությունը դեկտեմբերի 24-ին կազմակերպել էր աշխատանքային այց Սյունիքի մարզ` սատարելու մարզի բնակիչների պայքարին` ընդդեմ ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի N 627-Ն որոշման: Մասնակիցների թվում էին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, պատգամավորներից Զարուհի Փոստանջյանը, «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը, վարչության անդամ Դավիթ Սանասարյանը և մի խումբ երիտասարդ բնապահպաններ (այցելության մասին պատմող տեսանյութը`
:
Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշման, «բացառիկ գերակա հանրային շահի համար» օտարման ենթակա հողեր են ճանաչվել ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ Քաջարան և Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի շրջակա ևս 4 գյուղերի` Արծվանիկի, Սևւաքարի, Աճանանի, Չափնիի (շուրջ 600 հա) գյուղատնտեսական նշանակության հողերը, որոնք նպատակային նշանակությունը փոխելուց հետո տրվելու են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ (ԶՊՄԿ) ՓԲԸ-ին` բաց հանքի շահագործման եւ թունավոր թափոնների գերեզմանոցների տեղադրման համար: «Ժառանգության» ներկայացուցիչներն ու բնապահպանները հանդիպումներ ունեցան Քաջարան, Սյունիք և Արծվանիկ համայնքների ղեկավարների ու բնակիչների հետ, միասին քննարկեցին ստեղծված իրավիճակը:
Դիտարկումները փաստում են, որ մինչեւ կառավարության վերոհիշյալ որոշումն ընդունելը, համայնքի բնակչության հետ որեւէ քննարկում կամ հանրային լսումներ չեն անցկացվել: Բնակիչներն իրենց համայնքային հողերի օտարման եւ նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ դեմ դիրքորոշում հայտնելու հնարավորություն չեն ունեցել: Ավելին` տարիներ շարունակ համայնքի բնակիչները բողոքել են ԶՊՄԿ-ի կողմից Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման արդյունքում մարզի քաղաքների եւ գյուղերի սոցիալ-տնտեսական ծայրահեղ անմխիթար վիճակի կապակցությամբ, սակայն որեւէ անգամ իշխանությունները չեն արձագանքել այդ բողոքներին:
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայության փոխանցմամբ` Քաջարան գյուղի բնակիչները կտրականապես դեմ են արտահայտվել ԶՊՄԿ-ի նոր ծրագրին` ավելի մեծ ծավալով բաց հանքի շահագործմանը եւ դրա արդյունքում առաջացած թունավոր թափոնների համար հին պոչամբարի ծավալների մեծացմանը, ինչը վերջնականապես Սյունիքի մարզը բնակավայրից կվերածի հանքավայրի ու թունավոր թափոնների գերեզմանոցի: Բնակիչներն իրենց բողոքը հայտնեցին անտանելի սոցիալական վիճակի առնչությամբ: «Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ներկայիս ծավալները մի քանի անգամ գերազանցում են խորհրդային տարիների ցուցանիշը, պղնձի եւ մոլիբդենի գինը միջազգային շուկայում անհամեմատ բարձր է, քան նախկինում, սակայն Քաջարանն ու ամբողջ մարզը Հայաստանի ամենահարուստ, բարեկեցիկ բնակավայրը լինելու փոխարեն այսօր ծայրահեղ աղքատության մեջ են եւ հայտնվել են լինել-չլինելու հարցի առջեւ»,- ասաց Քաջարանի գյուղապետը` համոզմունք հայտնելով, որ իրենք պայքարելու են մինչեւ վերջ: