Երկուշաբթի` դեկտեմբերի 26-ին, գրեթե միաժամանակ երկու լրատվական կայքեր` Regnum.ru-ն և Gun.az-ը, հրապարակել էին Խաղաղարար նախաձեռնությունների Կովկասյան ինստիտուտի տնօրեն Գեորգի Վանյանի հետ նույն հարցազրույցը: Երկու դեպքում էլ որպես նյութի հեղինակ էր հանդես գալիս Ռիզվան Հուսեյնովը:
Epress.am-ի հետ զրույցում Վանյանը պարզաբանեց, որ իսկապես հարցազրույց տվել է Հուսեյնովին, սակայն ոչ թե վերոհիշյալ կայքերի, այլ ադրբեջանական News.az կայքի անգլալեզու տարբերակի համար: Իրավապաշտպանը նշեց, որ չէր համաձայնի հարցազրույց տալ կամ պատասխանել Regnum-ի հարցերին, քանի որ ինքը չի համագործակցում «ակնհայտ ապատեղեկատվություն տարածող գործակալությունների հետ»:
Գեորգի Վանյանը Epress.am-ին է ներկայացրել Հուսեյնովի հարցերը և իր պաստասխանները: Ի սկզբանե News.az կայքի համար նախատեսված հարցազրույցը ներկայացնում ենք մասնակիորեն:
– Գեորգի, դուք Բեռլինում մասնակցեցիք Լեռնային Ղարաբաղի հայկական և ադրբեջանական համայնքների հանդիպմանը: Ինչպես՞ եկավ հրավերը և ո՞ր կողմն էիք ներկայացնում այդ հանդիպմանը:
– Այդ հանդիպման համակազմակերպիչն էր գերմանական «Եվրակովկաս» ՀԿ-ն, որի հետ մենք արդեն մի քանի տարի է` համագործակցում ենք: Հանդիպման ժամանակ ես «Թեքալի » ծրագիրն էի ներկայացնում: Սովորաբար քննարկումների և հարցազրույցների ընթացքում ես հաճախ ստիպված եմ լինում խոսել ձևակերպումների և տերմինների մասին: Ձեր հարցն ինձ հերթական առիթը տվեց: Մեր տխուր իրականության մեջ հասարակական երկխոսությունը ամբողջությամբ կրկնօրինակում է պետական դիվանագիտական գործունեությունը: Մասնակիցներին Միայն անձնական ինքնաթիռները, ասֆալտին փռված գորգերն ու զինվորական նվագախմբերն են պակասում: Եթե խոսքը գնում է օրենքով չլիազորված բանակցություններ անցկացնող մարդկանց հանդիպման մասին, ինչպե՞ս կարող են նրանք «ինչ-որ կողմ ներկայացնել»: Ինչպե՞ս կարող էին այնպիսի հանդիպմանը, որին ներկա էին վերլուծաբաններ, հասարակական գործիչներ, ուսանողներ, լրագրողներ և թեկուզ անգամ Ադրբեջանի խորհրդարանի երկու անդամներ, ինչ-որ կողմեր լինեն:
Հասարակական երկխոսությունը ես հասկանում եմ որպես ոչ թե կողմերի երկխոսություն, այլ այնպիսի մարդկանց երկխոսություն, որոնք շահագրգռված են, որպեսզի կողմերը հնարավոր բոլոր ջանքերը գործադրեն հակամարտության կարգավորման համար: Այս երկխոսությունը զուգահեռաբար տարվում է նաև հասարակության ներսում: Քաղաքացիական խաղաղարարության մեջ չկա կողմ: Կան խաղաղարարներ և նրանց խանգարողներ: Անգամ այստեղ դիմադրություն չկա: Սա միասնական գործընթաց է:
– Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներից ո՞ւմ հետ եք հանդիպել: Եվ արդյո՞ք հաջողվել է բեռլինյան հանդիպան արդյունքում ադրբեջանական կողմի հետ համատեղ ինչ-որ ծրագրեր կամ նախագծեր նախանշել:
– Ադրբեջանից ժամանած բոլոր մասնակիցները ներկայացված էին կոնֆերանսի ծրագրում, և շատ հետաքրքիր երկխոսություններ էին ընթանում: Հաջորդ օրը ցուցադրվեց «Բացեք սահմանը» ֆիլմը: Ուշագրավ է, որ ֆիլմի մասին իմ ելույթում ես խոսեցի մեր անելանելի վիճակի, անտարբերության մասին: Ցուցադրությունից հետո ներկաները համաձայն չէին իմ գնահատականի հետ: Բեռլինյան հանդիսատեսը, որը բավական քաջատեղյակ է հակամարտության քաղաքական իրավիճակի մասին, այդ ֆիլմում հույս և օպտիմիզմ տեսավ:
– Ձեր կարծիքով` ղարաբաղյան հակամարտության արագ լուծումը ի՞նչ կբերի Հայաստանին և հայ ժողովրդին:
– Անկախ պետականության ստեղծման հնարավորությունը: