Home / Հայաստան / Հրազդանի երկաթի հանքի շահագործումը դադարեցվել է

Հրազդանի երկաթի հանքի շահագործումը դադարեցվել է

Հրազդանի երակաթի հանքի շահագործման աշխատանքները մոտ 15 օր է ինչ դադարեցվել են, այնտեղից հանվել է տեխնիկան: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը:

Հիշեցնենք, որ վերջին ամիսների ընթացքում Հրազդանի բնակիչները հանքի շահագործման դեմ մի քանի բողոքի ակցիա են անցկացրել` նշելով, որ հանքի շահագործումը կարող է Հրազդանը զրկել խմելու ջրից:

Արմենակ Դովլաթյանը կարծիք է հայտնել, որ այդ աշխատանքները դադարեցվել են հրազդանցիների ակցիաների ճնշման տակ: Նա հավելել է, որ անկախ ամեն ինչից բնապահպանները շարունակելու են վերահսկել, որ այդ տարածքում որևէ անօրինական բան չիրականացվի:

Դովլաթյանի խոսքով` շահագործումն ապօրինի է, քանի որ հանքի ուսումնասիրությունների կատարման համար արտոնագիրը տրվել է դեռևս 2008 թվականին և դրա գործունեության ժամկետն ընդամենը մեկ տարով եղել:

Բայց քանի որ հանքի շահագործման աշխատանքները սկսել են իրականացնել այս տարի առանց օրինական փաստաթղթի, դա նույնպես առաջացրել է  բնապահպանների և Հրազդանի բնակչության դժգոհությունը:

 

Հանքի տարածքի մի մասը պատկանում է անհատ հրազդանցիներին, մյուս մասը` համայնքի սեփական տարածքն է, սակայն, Արմենակ Դովլաթյանի խոսքով, ո’չ մարզպետարանի,  ո’չ բնակչության հետ որևէ օրինական պայմանագիր չի կնքվել, որպեսզի նրանք թույլատրեն այդ տարածքում իրականացնեն հանքի շահագործման աշխատանքներ:

«Մյուս կարևոր խնդիրն այն է, որ անկախ նրանից թույլատվություն տրվել է, թե ոչ, նրանք մինչ այդ աշխատանքները սկսելը Հրազդանի բնակչության շրջանում հարցում չեն իրականացրել: Հրազդանում այս պահին օդի աղտոտվածությունը 5-6 անգամ նորմայից բարձր է: Քաղաքի մի ծայրում գտնվում է ցեմենտի գործարանը, իսկ մյուս ծայրում էլ` սարի գլխին, ուզում են բաց հանք շահագործել… ի՞նչ կլինի այս քաղաքի վիճակը դրանից հետո: Եթե նորմալ փորձաքննություն անցկացվի, ապա նման թույլտվություն չի տրվի, քանի որ  դրանով քաղաքի նկատմամբ կիրականացվի հանցագործություն»,- ասել է  Արմենակ Դովլաթյանը:

Վերջինս նաև տեղեկացրել է, որ հանքի շահագործման հետևանքով կառաջանա նաև խմելու ջրերի աղտոտման խնդիր, քանի որ այդ տարածքում կան որոշ աղբյուրներ, որոնք սնուցում են դեպի Չարենցավան, Հրազդան, Աբովյան, Ծաղկաձոր և Երևան եկող խմելու ջրերը: