«Նեզավիսիմայա գազետա» պարբերականն իր այսօրվա խմբագրականում անդրադարձել է ֆրանսիական խորհրդարանի կողմից Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ֆոնին Ֆրանսիայի և Թուրքիայի միջև լարվածությանը և միաժամանակ միջազգային քաղաքականության մեջ Թուրքիայի դերի բարձրացմանը:
«Վերջերս համընդհանուր ուշադրության կենտրոնում հայտնվեցին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմից հնչեցված փոխադարձ աղմկահարույց ռեպլիկները`կապված ֆրանսիական խորհրդարանի կողմից քննարկման դրված Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հետ: Երկու քաղաքական գործիչներն էլ, ինչպես հայտնի է, գիտեն հարկ եղած դեպքում ինչպես պատասխանել: Եվ երկուսն էլ առավելապես ուղղորդվում են իրենց հանդիսատեսի տրամադրությամբ, հաճախ տեղի տալով իրենց երկրների գործարարների կոմերցիոն շահերին:
2009 թվականին Էրդողանը Դավոսի տնտեսական ֆորումի ժամանակ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին էր իր տեղը ցույց տալիս: Իսկ այժմ էլ հերթն ավելի խոշոր երկրի նախագահին հասավ: Կարելի է նշել է, որ վարչապետի խոսքը աշխարհում ամրապնդվում է:
Համաշխարհային թատերաբեմում Թուրքիայի ձայնի ամրապնդման համար հիմք է ծառայում նրա տնտեսական հզորացումն ու միջազգային ազդեցությունը: Պատահական չէ, որ Եվրամիության հասցեին հնչեցված արտահայտություններից մեկի ժամանակ խորհուրդ հնչեց.
«Մեզ նայեք, և նայեք թե ինչ վիճակում է Եվրոպան». Նա նկատի ուներ Թուրքիայի տնտեսության զարգացումը և Եվրամիության տնտեսական ճգնաժամը: Թվում է, թե միմյանց վերաբերյալ հնչող խայթոցների ներկայիս ֆոնը ավելի է վատթարացնում Եվրամիությանը անդամակցելու Թուրքիայի հնարավորությունը: Թեև, դատելով թուրք պաշտոնյաների արտահայտություններից, Անկարան արդեն կորցրելէ հետաքրքրությունը այդ կառույցի նկատմամբ: Պարզվեց խաղողը հասած չէր», – գրում է պարբերականը: