Սևանա լճի ջրի բարձրացման հետևանքով ջրածածկ եղած առափնյա 4717 շենք-շինություներից 82%-ը շարժական են, մնացածը՝ քարաշեն:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել է ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:
«Վերը թվարկված շինությունների միայն 18% ունի պետական գրանցում, մնացած 82% եղել են ինքնակամ շինություններ և մինչ այժմ դրանց ապամոնտաժման վրա ոչ մի դրամ չի ծախսվել՝ քանի որ դրանք արվել են շինության սեփականատերերի միջոցներով: Բոլոր այն շենք-շինությունները, որոնք ունեն բոլոր իրավական հիմքերը՝ հողհատկացման, կառուցապատման, շինարարությունը վարելու, շահագործման հանձնելու, դրանց արժեքը կփոխհատուցվի օրենքով սահմանված կարգով», – ասել է նա:
Հարցին՝ ինչ է սպասվում Սևանա լճի առափնյա այն գյուղերին, որոնք բարձրացման հետևանքով հայտվել են ջրի մեջ, մասնավորապես, Վարդենիսի Կարճաղբյուր գյուղը, որտեղ ջուրը լցվել է մարդկանց տներն ու նկուղները, ջրով են ողողվել ցանքատարածքները, բակերն ու այգիները, Մովսիսյանը պատասխանել է:
«Երեք գյուղ ունենք այս ավազանում՝ Արծվանիստը, Ծովակն ու Կարճաղբյուրն են, որտեղ բնակելի տներ կարող են մնալ ջրի տակ: Քսանվեց ընտանիք են, որոնց անշարժ գույքի թվաքանակը անցնում է հարյուրը: Կարճաղբյուրում ամենացածր տունը գտնվում է 1902 մետր նիշի վրա, այդպիսի հինգ տուն կա ընդամենը:
Օրինակ բերեմ ֆիզիկայի հաղորդակից անոթների օրենքը, որը գործում է և եթե լճի մակարդակը այսօր 1900 մետրի վրա է, լիճը այսօր չէր կարող ճնշում գործադրել ու հասնել 1902 մետրի: Այն ջուրը, որը լցվել է մարդկանց տները ՝ոռոգման ջրի անսիստեմ օգտագործելու հետևանք է, այսինքն ՝առուները չեն մաքրում, ջուրը ներծծվել է վերևից և լցվել մարդկանց տները», -ասել է նա:
Մովսիսյանը տեղեկացրել է, որ ինքը խոսել է այս գյուղի գյուղապետի հետ ու քննարկել այդ հինգ շենք-շինությունների խնդիրը, որոնք առաջիկա հինգ-վեց տարիներին կարող են հայտնվել ջրի մեջ, մնացածը լինելու է գրաֆիկով, որովհետև ամենաբարձր տները Կարճաղբյուրում գտնվում են 1904 մետր 80սմ մակարդակի վրա և որոնց ջուրը կարող է հասնել 2030 թվականին:
«Մենք ունենք այս տների բոլոր քարտեզներն ու տվյալները: Բոլոր այն տները, որտեղ մարդիկ ոչ թե հանգստանում կամ ժամանակավոր են բնակվում, այլ ապրում են շուրջ տարին, այս տների նկատմամբ պետք է լինի յուրահատուկ մոտեցում», – եզրափակել է նա:
Մովսիսյանը հստակ նշել է, որ ըստ ծրագրի՝ միանշանակ, մինչև 2030 թվականը Սևանա լճի մակարդակը պետք է բարձրանա վեց մետրով և որևէ բան չի կարող խանգարել այս ծրագրի իրագործմանը:
Լուսանկարը` en.wikipedia.org