Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի թիկնազորի նորանշանակ պետ Վիրաբ Ղազարյանը և ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էրիկ Մինասյանը երեկ խորհրդարանի շենքում քաշքշել են իրար։ Այս մասին այսօր գրում է «Հայկական ժամանակը»` հղում կատարելով իր լավատեղյակ աղբյուրներին:
Ըստ թերթի` գործը հասել է ձեռնամարտի, հնչել են փոխադարձ հայհոյանքներ։ Սկանդալը երեկ ՀՀԿ–ում բուռն քննարկումների առարկա էր դարձել։ Թերթի աղբյուրները պնդում են, որ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Նիկոյանի թիկնազորի պետը փորձել է ծանոթանալ ֆինանսական որոշ փաստաթղթերի, որոնք վերաբերում են ԱԺ աշխատակազմի աշխատակիցների գործուղումներին և ճաշարանի գործունեությանը։ Էրիկ Մինասյանն ընդդիմացել է Ղազարյանի այս փորձերին՝ նշելով, որ նա օժտված չէ համապատասխան լիազորություններով։ Սա դուր չի եկել Ղազարյանին, հետևանքն էլ եղել է քաշքշոցը։ Վիրաբ Ղազարյանը նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի թիկնազորի պետն էր, և որոշ տեղեկությունների համաձայն՝ Նիկոյանի թիկնազորի պետ է նշանակվել Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանի միջնորդությամբ։
Էրիկ Մինասյանը «Հայկական ժամանակի» հեռախոսազանգերին երեկ չպատասխանեց: Վիրաբ Ղազարյանին նույնպես գտնել չհաջողվեց, գրում է թերթը: