Նախօրեի երեկոյան «Արքայաձոր» ռեստորանում Ամանորի առիթով ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության անդամների հավաք է տեղի ունեցել, որն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով, գրում է «Հայկական ժամանակը»` հղում կատարելով իր աղբյուրին:
Ըստ լուրերի` նշված հավաքին մասնակցել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Արաբկիրի թաղապետ Հրայր Անտոնյանը և Արաբկիրից ընտրված պատգամավոր Զոհրապ Զոհրապյանը, սակայն միջադեպը տեղի է ունեցել նրանց հեռանալուց հետո։
Վիճաբանության մասնակիցները, ըստ տարածված լուրերի, եղել են թաղային հեղինակություններ, որոնց մեջ հատկապես շեշտվում են ոմն Հոսոյի և կիևյանցի Հովիկի անունները։ Ամբողջ ռեստորանը տակնուվրա անելու մակարդակի վիճաբանություան պատճառը, ըստ թերթի տեղեկությունների, եղել է արաբկիրցիների թասիբը։ Ասում են, որ շատերը խանդով են վերաբերվում այն հանգամանքին, որ քիչ չի՝ թաղապետն ու Արաբկիրի կառույցի ղեկավար Արմեն Մարտոյանը Արաբկիրի բնակիչ չեն, պատասխանատու պաշտոններում նշանակում են ոչ արաբկիրցիների, հետն էլ ուզում են, որ արաբկիրցիները իրենց համար աշխատեն։
Ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանն ասաց, որ նախօրեին իրենք «Արքայաձորից» ահազանգ չեն ստացել»։ ՀՀԿ–ի Արաբկիրի կառույցի ղեկավարի տեղակալ Հակոբ Հակոբյանը հաստատեց, որ «Արքայաձորում» տոնական միջոցառում եղել է, բայց հերքեց, որ այդ միջոցառման ժամանակ միջադեպ է տեղի ունեցել։ «Չար լեզուներն են խոսում։ Նման բան չի եղել։ Մեր տղերքն իրար վաղուց են ճանաչում, 10 տարուց ավելի ՀՀԿ անդամներ են, նման բան բացառվում է։ Ես վերջին մարդն եմ եղել, որ ռեստորանից դուրս եմ եկել, նման բան չի եղել»,– «ՀԺ»-ի հետ զրույցում պնդեց նա։
«Արքայաձոր» ռեստորանի մենեջեր Քրիստինան էլ ասաց, որ հավաքի և միջադեպի հետ կապված մեր որևէ տեղեկություն ոչ կարող է հաստատել, ոչ հերքել, քանի որ ռեստորանը ընդհանրապես տեղեկություն չի տրամադրում իր հաճախորդների վերաբերյալ։