Սուր միելոբլաստային լեյկոզով տառապող 5-ամյա Անուշիկի ընտանիքի համար ամեն մի լուման կարևոր է երեխային փրկելու համար: Երեխայի ծնողները դիմել են հանրությանը` խնդրելով աջակցել երեխայի բուժման հարցում:
«Ձեր ամեն մի լուման նպաստավոր մի կաթիլ հույս է մեզ համար, տվեք մեզ մի կաթիլ հույս, ձեր ունեցած մի ամբողջ խղճից», – ասված է anush.do.am կայքում տեղադրված կոչում:
Անուշիկն այժմ գտնվում է Մոսկվայում` բժշկական հսկողության տակ:
Ծնողները նշում են, որ քիմիոթերապիան փոքրիկին չի վախեցնում, իսկ նրա աչքերում դեռ հույս կա, որ կգա մի օր, երբ նա էլ կվայելի իր անհոգ մանկությունը:
Ինչպես ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում ասել էր Անուշիկի հայրը` Սերգեյ Հայրապետյանը, երեխայի փրկության միակ հնարավորությունն այսօր ոսկրածուծի անհապաղ փոխպատվաստումն է, ինչի համար ծնողները բավարար գումար չունեն:
«Ոչ էլ հույս, թե Հայաստանում ինչ-որ գործարար կամ մեծահարուստ կգտնվի, ով կօգնի երեխայիս բուժումն արտերկրում կազմակերպելու գործում», – ասել էր Սերգեյ Հայրապետյանը:
Երեքուկես տարեկանում Անուշիկի մոտ հայտնաբերված հիվանդությունը անակնկալ է եղել թե ծնողների, թե հարազատների համար:
«Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժումներ ստանալուց հետո հիվանդությունը նահանջեց, և երեխային տեղափոխեցինք տուն: Պահպանողական փուլի հինգերորդ ամսում հիվանդությունը կրկնվեց, ու մնաց փրկության միակ միջոցը՝ ոսկրածուծի փոխպատվաստում: Գերմանիայում երեխայի փրկության երաշխիքը ութսուն տոկոս է և այն դեպքում, եթե հիմա կատարվի վիրահատությունը», – ասել է Սերգեյ Հայրապետյանը:
Նա պատմել է, որ բաց նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Գագիկ Ծառուկյանին ու մի շարք մեծահարուստների, սական մինչ օրս որևէ արձագանք չի եղել, մինչդեռ, երեխայի հոր հավաստմամբ, երեխայի վիճակն օրեցօր վատանում է:
«Բոլորին դիմել եմ, նամակներ եմ տարել շատերի տները, բայց որևէ մեկը ցանկություն չի հայտնել օգնել կամ գումար փոխանցել: Ամենախոշոր գումարը փոխանցել է մոսկվայաբնակ Գևորգ Հալաբյանը՝ մոտ հազար դոլլար, և «HSBC» բանկը` վեց հարյուր ութսունչորս հազար դրամ՝ աշխատողների միջև կազմակերպած ակցիայի շրջանակներում: Հայաստանյան «Պոդարի ժիզն» կազմակերպությունը խոստացել է, որ տասը հազար դոլլար կփոխանցի Անուշիկի հաշվեհամարին, գերմանական մի կազմակերպության կողմից էլ նույնքան գումար կփոխանցվի գերմանական այն կլինիկայի հաշվեհամարին, որտեղ կկատարվի երեխայի վիրահատությունը: Փոքր գումարներով օգնություն շատերն են տվել, սակայն բուժման համար մեծ գումարներ են պետք, ինչն այսօր չունենք», – պատմել է Սերգեյ Հայրապետյանը:
Անուշիկի հայրը հավատում է, որ երեխան կարող է փրկվել, միայն թե կարողանա ձեռք բերել անհրաժեշտ գումարը:
«Մինչ օրս թե պետության, թե Առողջապահության նախարարության կողմից որևէ աջակցություն չի եղել: Մեկ տարի յոթ ամիս է, ինչ պառկած ենք հիվանդանոցում, որևէ անգամ անվճար բուժօգնություն երեխան չի ստացել: Վճարում ենք հիվանդանոցում ստացած բոլոր ծառայությունների համար: Բուժման համար դեղերը ստացել ենք Գերմանիայից»,- պատմել է Սերգեյ Հայրապետյանը:
Երեխայի բուժմանն օժանդակելու նպատակով բացվել է համապատասխան հաշվեհամար Ամերիաբանկում, Սերգեյ Հայրապետյանի անունով: Դրամային փոխանցումների համար` 1570012711940100, Դոլարային փոխանցումների համար` 1570012711940101, Եվրոյով փոխանցումների համար` 1570012711940146:
Արտասահմանից փոխանցումների համար անհրաժեշտ տվյալներ` For transfers in USD: Account holder: Sergey Hayrapetyan AMERIABANK (formerly ARMIMPEXBANK), YEREVAN, RA CORRESPONDENT BANK: DEUTSCHE BANK TRUST COMPANY AMERICAS, NEW YORK SWIFT: BKTRUS33 ACC:1570012711940101 For transfers in Euro: Account holder: Sergey Hayrapetyan AMERIABANK (formerly ARMIMPEXBANK), YEREVAN, RA CORRESPONDENT BANK, COMMERZBANK AG SWIFT: COBADEFF ACC: 1570012711940146: