Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բոյերը, ով միաժամանակ հանդիսանում է երկրի Ազգային Ժողովի կողմից ընդունված Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի նախաձեռնողը, Facebook սոցիալական կայքում բացատրել է օրինագիծն առաջադրելու իր դրդապատճառները, և բացի դա պատասխանել Թուրքիայի սպառնալիքներին:
«Ֆրանսիայում բնակվող հայկական ծագում ունեցող 600 հազար ֆրանսիացիներ իրավունք ունեն, ինչպես հրեաների Շոայի դեպքում, պաշտպանել ֆրանսիական տարածքը սարսափելի ռևիզիոնիստական քարոզչությունից, որը անարգում է 1915 թվականին սպանված կամ արտաքսված իրանց ծնողների հիշատակը:
Այս օրինագիծը քրեական հետապնդում է ենթադրում բոլոր նրանց համար, ովքեր մարտահրավեր են նետում մեզ մեր իսկ տարածքում, որտեղ ինչպես Հոլոքոստը, այնպես էլ Հայերի սպանդը որպես Ցեղասպանություն է ճանաչվել:
Այս պարագայում թուրքական իշխանությունները չեն հարգում Ֆրանսիայի ինքնավարությունը և մեր ինստիտուտների գործունեությունը: Սա շատ լուրջ միջամտություն է մեր Հանրապետության ներքին գործերին», – գրում է Բոյերը:
Նշենք, որ Թուրքիան սպառնում է խզել դիվանագիտական հարաբերությունները Ֆրանսիայի հետ և տնտեսական պատժամիջոցներ կիրառել: Թուրքիան արդեն իսկ Փարիզից հետ է կանչել իր դեսպանին:
«Սպառնալիքների քաղաքականության այդ հնացած մեթոդը պատիվ չի բերում այնպիսի հզոր պետության, ինչպիսին Թուրքիան է:
Հայոց Ցեղասպանությունը ճանաչվել է Ռուսաստանում, Կանադայում, Արգենտինայում, Իտալիայում, Շվեդիայում և անգամ Գերմանիայում: Ցեղասպանության հերքումը քրեական հետապնդման է ենթարկվում Շվեյցարիայում և Սլովակիայում: Մինչ այժմ այս երկրներից և ոչ ոք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կորցնելու սպառնալիքներ չի ստացել:
Հիշեցնեմ, որ, ըստ Թուրքիայի քրեական օրենսգրքի, Թուրքիայում Հայոց Ցեղասպանության մասին խոսելը կամ հաստատելը հանցագործություն է համարվում», – պարզաբանում է խորհրդարանականը:
Ըստ Վալերի Բոյերի, եթե Ֆրանսիայում ընտրություններին ընդառաջ աջ և ձախ թևերը համաձայնության են եկել այս հարցի շուրջ, ինչո՞ւ չօգտվել դրանից:
«Արդյո՞ք Ֆրանսիան մարդու իրավունքների երկիր չէ», -եզրափակել է նա:
Նշենք, որ ավելի վաղ Վալերի Բոյերի կայքը հակերական հարձակման էր ենթարկվել թուրքերի կողմից, իսկ facebook սոցիալական կայքում «Անտի-Վալերի Բոյեր» էջեր են ստեղծվել, որտեղ սպառնալիքներ են հնչում ֆրանսիացի խորհրդարանականի հասցեին: