Վիշապի տարում առավել նորաձև են լինելու դարսերով զգեստները, որոնք հիշեցնելու են վիշապի մեջքի ծալքերը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է դիզայներ Արամ Նիկոլյանը:
Նիկոլյանը կապ չի տեսնում նորաձևության ու աստղագետների կանխատեսումների միջև, օրինակ, եթե Ամանորին հագնեն կարմիր կամ ոսկեգույն հագուստներ, ապա տարին հաջող կլինի և այլն:
«Սրանով հանդերձ նաև չեմ կարողանում չընդունել կապը այն պատճառով, որ այս ամենը մարդկանց առօրյան ավելի հատաքրքիր է դարձնում, այսինքն՝ մարդիկ սկսում են հավատալով ու հետևելով այդ խորհուրդներին ինչ-որ քայլեր ձեռնարկել», – ասել է նա:
Դիզայների հավաստմամբ՝ սրանք նորաձևության տենդենցների հետ որևէ կապ չունեցող, առանձին հետաքրքրություն ունեցող թեմաներ են, որոնք եղել են տարբեր ժամանակներում:
«Աստղագետների պնդմամբ` կարմիրն ու ոսկեգույնը Արևելքին բնորոշ գույներ են, իսկ եվրոպական աստղագետները խորհուրդ են տալիս Ամանորին ավելի պաստելային գույների հագուստ կրել», – նշել է Նիկոլյանը:
Այնուամենայնիվ, ըստ դիզայների, նորաձևության ու վիշապի տարվա միջև կապը ակտուալ համարվող գույներն են՝ կրակի կարմիրն ու նարնջագույնը:
«Սիլուետային առումով ակտուալ են նաև հագուստների վրա վիշապի մեջքի դարսեր հիշեցնող ֆորմաները, դարսերը, որոնք էլ կարող են ինչ-որ կապ ստեղծել վիշապի ու նորաձևության միջև: Տարիներ առաջ նորաձև համարվող մեծ փոռիկներով հագուստները նորաձև են նաև այսօր: Վիշապի և նորաձևության կապը հաստատում են նաև վառ երանգներով կտորները ձմեռվա հավաքածուներում, նաև կան վիշապ հիշեցնող օձի և սողունային ֆակտուրաներով կտորները », – ասել է նա:
Վիշապի տարում Նիլոլյանը խորհուրդ է տալիս կարևորել հագուստի ու մարմնի կառուցվածքի ճիշտ համադրումը:
«Քանի որ ապրում ենք մի ժամանակշրջանում, երբ ամեն հագուստ նորաձև կարող է համարվել, ուստի շատ կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր ոք չփորձի նմանվել ինչ-որ մեկին, այլ ստեղծի իր կերպարն ու տարբերվի բոլորից», – եզրափակել է նա: